Ջրծաղիկն արդեն կանխարգելելի է։
Ջրծաղիկը մանկական ամենատարածված վարակիչ հիվանդություններից է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով և հաճախ բարդություններով է ուղեկցվում։ Բարեբախտաբար, այսօր այն արդեն կանխարգելելի է պատվաստման միջոցով։
Իրականում ջրծաղիկի դեմ պատվաստումը բոլորովին նոր չէ․ այն որոշ մասնավոր կլինիկաներում մատուցվում էր վճարովի հիմունքներով։ Սակայն այժմ լավ նորություն կա բոլոր ծնողների համար․ ջրծաղիկի դեմ պատվաստումը պաշտոնապես ներառվել է ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում։
Սա նշանակում է, որ պատվաստումը կատարվում է անվճար հիմունքներով՝ բոլոր տեղամասային պոլիկլինիկաներում։ Այն իրականացվում է երեխայի 1 տարեկան հասակում՝ ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) համակցված պատվաստման հետ միասին։
Ինչ է պետք հիշեն ծնողները
-
Պատվաստումը պետք է ստացվի երեխայի առողջ վիճակում։
-
Այն պաշտպանում է երեխային ոչ միայն հիվանդությունից, այլև դրա հնարավոր բարդություններից։
-
Պատվաստումները տարիների ընթացքում ապացուցել են իրենց արդյունավետությունն ու անվտանգությունը։
Եղեք տեղեկացված և առողջ։