ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը

 

Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը, որի արդյունավետության մասին վկայում է աշխարհի փորձը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և Առողջապահության համաշխահային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել պնևմակոկային հիվանդությունների համաճարակաբանության և պատվաստումների վերաբերյալ ազգային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներ, ինչպես նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Նորվեգիայի փորձագետներ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները, ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։ «Ակնկալում ենք, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը։ Դրանով իսկ կվերահսկենք մանկական մահացությունը»,-նշել է փոխնախարարը։

Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի փորձագետ Մարիաննե Բերգսակերը ներկայացրել է, որ իրենց երկրում մինչև յոթավալենտ կոնյուգացված պնևմակոկային պատվաստումների իրականացումը, պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող պնևմակոկի 7 շճատիպերը (4, 6B, 9V, 14, 18C, 19F и 23F) վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ պնևմակոկային հիվանդությունների պատճառն են եղել: 2006 թվականին պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո՝ 7 տարվա կտրվածքով, մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով՝ մինչ ներդրումային (2004-2006թթ.) ցուցանիշների համեմատությամբ:

Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասսիվ շրջանառության հետ և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:

Ամփոփելով խորհրդակցությունը, Առողջապահության համաշխահային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը նշել է, որ Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագիրը եվրոպական տտարածաշրջանում ամենահաջողվածներից է, և բոլորի խնդիրն է չբավարարվել ձեռբերումներով ու ձգտել ավելի մեծ նվաճումների։

Աղբյուրը` http://emedia.am/