Ռոտավիրուսային պատվաստումները նախատեսվում է հանրապետությունում կիրառության մեջ մտցնել 2012-ի հոկտեմբերի 1-ից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին Ծաղկաձորում Ռոտավիրուսային հիվանդության եւ ռոտավիրուսային պատվաստումների ներդրման վերաբերյալ իրազեկման դասընթացի շրջանակերում ՀՀ ԱՆ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ողջույնի ուղերձում նշել էր, որ Հայաստանը ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումը ներառել է 2012թ.-ի պատվաստումների ազգային օրացույցում:
«Առողջապահության նախարարությունը շարունակում է նոր պատվաստումների միջոցով նոր հիվանդությունների կանխարգելման ռազմավարությունը: 2009 թվականի փետրվարից ռոտավիրուսային վարակների համաճարակաբանական հսկողություն իրականացնող «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արաբկիր» բժշկական կենտրոնում հոսպիտալացված մինչեւ հինգ տարեկան երեխաների 40 տոկոսի մոտ ռոտավիրուսային վարակ է հայտնաբերվել»,-նշված էր նախարարի ուղերձում:
ՀՀ առողջապահության նախարարության Իմունային կանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով` առողջապահության նախարարությունը պատվաստումների առումով մեծ ձեռքբերումներ ունի: Հայաստանի երեխաների 95 տոկոսը ստանում է անհրաժեշտ պատվաստումներ: «Մեր երկիրը ներկրում է միմիայն եվրոպական արտադրության պատվաստանյութեր, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորում են անցել»,-ասաց նա:
Գայանե Սահակյանի խոսքով` այսօր շատ երկրներ, որոնք վակցինաներ են արտադրում, իրենց տեղը եւ սպառումը շուկայում գտնում են միայն ԱՀԿ կողմից նախաորակավորում ստանալուց հետո:
«Ռուսական եւ ոչ մի վակցինա շուկայում մրցակցությանը չի դիմանում` նախաորակավորում չստանալու պատճառով: Այդ երկրի արտադրության վակցինաների ամենաշատ սպառողներն այսօր Բելառուսն ու Ուկրաինան են»,-ասաց նա: