2008-ից մինչ օրս ՀՀ-ում գրանցվել է երեխաների թրաֆիքինգի 15 դատական վճիռ, որոնցից 7-ը սեռական բնույթի են, 8-ը՝ աշխատանքային շահագործման: Այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Դավիթ Թումասյանը: Նա ընդգծեց, որ այս դեպքերը հիմնականում գրանցվել են Երևանում, ինչպես նաև Սյունիքի, Տավուշի և այլ մարզերում:
«Երեխաներից 9-ը տղաներ են, 6-ը՝ աղջիկներ: Իհարկե, կլինեն դեպքեր, որոնց մասին տեղյակ չեն իրավապահ մարմինները, անգամ
Հարցին, թե արդյոք 15 դեպքն արտացոլո՞ւմ է իրական պատկերը, Դավիթ Թումասյանը նշեց, որ թրաֆիքինգը լատենտային (թաքնված) հանցագործություն է, և դրա մասին հաճախ թաքցնում են մարդիկ: Նա ընդգծեց, որ դրանք ավելի հաճախ չեն բացահայտվում, երբ կատարվում են ընտանիքի ներսում:
«Օրինակ՝ դեպքերից մեկի պարագայում, շահագործողը եղել է տուժող երեխայի խորթ հայրը: Սրա մասին իրավապահներն իմացան միայն այն ժամանակ, երբ բժշկական հաստատությունից տեղեկացրել էին, որ բացահայտել են անչափահասի հղիության դեպք: Ընտանիքը փակ համակարգ է, աշխատում են կեղտը տանից չհանել»,- ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թրաֆիքինգի երևույթ չէ՞ այն, երբ օրը ցերեկով հենց Ազատության հրապարակում անչափահաս երեխաները ծաղիկ են վաճառում կամ փոքրիկ մեքենաներով երեխաներին քշում, նա նշեց, որ այս ոլորտը ՀՀ-ի համար ուսումնասիրության ոլորտ է և պետք է պարզել՝ արդյոք դա աշխատանքի վատթարագույն տեսա՞կն է:
«Չորրորդ գործողությունների ազգային պլանում հատուկ մատնանշվել է այս ոլորտի ուսումնասիրությունը: Ներկա դրությամբ դա աշխատանքային շահագործում չի դիտվում, միգուցե օրենսդրական փոփոխությունների դեպքում դրանք դիտվեն՝ որպես մանկական թրաֆիքինգի երևույթ»,- ասաց նա:
Փորձագետը նաև նշեց, որ թրաֆիքինգի են հիմնականում ենթարկվում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնք նաև միակողմանի ծնողազուրկ են:
«Մի քիչ ավելի ուշադիր է պետք լինել մեր երեխաների նկատմամբ, անտարբերությունը հասցնում է նրան, որ նրանք զոհ են դառնում: Անտարբերությունը դառնում է բոլորի համար սովորական երևույթ»,- ասաց նա և կոչ արեց մանկական թրաֆիքինգի ականատեսը լինելու դեպքում դիմել կամ իրավապահ մարմիններին, կամ ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարություն, ինչպես նաև տարբեր ՀԿ-ների: