Ռոտավիրուսային հիվանդությունից խուսափելու միակ ուղին ճիշտ ժամանակին պատվաստվելն է. մասնագետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ռոտավիրուսից տարեկան կես միլիոն մահվան դեպք է գրանցվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 14-15-ը Ծաղկաձորում ընթացքող Ռոտավիրուսային հիվանդության եւ ռոտավիրուսային պատվաստումների ներդրման վերաբերյալ իրազեկման դասընթացի շրջանակերում ՀՀ 

առողջապահության նախարարության Իմունային կանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ մինչեւ հինգ տարեկան երեխաները իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հանդիպում են այս վիրուսին:

 

«Ռոտավիրուսային ինֆեկցիան խնդիր է եւ զարգացած, եւ զարգացող երկրներում: Ռոտավիրուսային հիվանդությունից երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցը հիվանդության դեմ պատվաստումներն են»,-ասաց նա: Սահակյանը նշեց, որ ԱՀԿ-ի տվյալներով Հայաստանում մինչեւ հինգ տարեկան 40-100  երեխա կարող է մահանալ ռոտավիրուսային հիվանդությունից: Վաղ հասակի երեխաների մոտ ռոտավիրուսային հիվանդությունը հիմնականում սկսվում է ջերմությամբ եւ փսխումով, որին հաջորդում է լուծը:

Վիրուսը վնասում է բարակ աղիների էպիթելի բջիջները, որի հետեւանքով ջուրը եւ սննդանյութերը աղիներից չեն ներծծվում օրգանիզմ: Երեխաների մոտ անհետանում է սնունդ եւ ջուր ընդունելու ցանկությունը: Ռոտավիրուսային հիվանդությունը հեշտությամբ փոխանցվում է վարակված երեխայից առողջին, նույնիսկ` մեծահասակներին:

Համաշխարհային շուկայում հայտնի է ռոտավիրուսային երկու պատվաստանյութ` ՌոտաՏեք եւ Ռոտարիքս: Հայաստանի Հանրապետությունում ներկրվում է Ռոտարիքս պատվաստանյութը: Ռոտավիրուսային պատվաստումները կատարվում են երկու դեղաչափով` առաջին դեղաչափը 6 շաբաթական երեխայի համար, երկրորդը` 12: Երկու դեղաչափերի միջեւ պետք է պահպանվի առնվազն 4 շաբաթ տեւողություն: Ի տարբերություն մյուս պատվաստումների, որոնք կարող են ուշ կատարվել, «Ռոտա» պատվաստումները պետք է կատարվեն ժամանակին, այլապես երեխան անպաշտպան կմնա:

Ժամանակին արված պատվաստումները նպաստում են դիարեայով հիվանդությունների կտրուկ նվազելուն:

Առողջապահության նախարարությունը փոքր պոլիկլինիկաները կվերազինի պատվաստանյութի պահման համար նախատեսված սառնարաններով: Կիրականացվեն նաեւ իրազեկման միջոցառումներ. կբաժանվեն  հուշաթերթեր, տեղեկատվական գրքեր: Իմունիզացիայի ծրագիրը կունանա նաեւ իր ինտերնետային էջը, որտեղ ցանկացողները կարող  են ուղղել իրենց հուզող հարցերը: