Սեպտեմբերից Հայաստանում կներդրվի պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը

Այս տարվա սեպտեմբեր ամսից Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի խոսքով` պնևմակոկային վարակների հարուցիչը մեր սովորական ուղեկից հարուցիչն է: Անգամ

առողջ մարդուն զննելու դեպքում քթըմպանում կարելի է հանդիպել այդ հարուցչին: Սակայն օրգանիմի առանձնահատկությունների, ցածր իմունիտետի, տարբեր վարակիչ հիվանդությունների ագրեսիայի հետևանքով պնևմակոկ հարուցիչը կարող է առաջացնել մի շարք ծանր հիվանդություններ:

«Ծանր հիվանդություններից պետք է մասնավորապես առանձնացնել թոքաբորբը, ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ): Այդ էր պատճառը, որ Առողջապահության նախարարությունը որոշեց սեպտեմբերից ներդնել պնևմակոկային պատվաստումները»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մասնագետը տեղեկացրեց, որ պատվաստման ենթակա են լինելու մինչև մեկ տարեկան երեխաները: Առաջին դեղաչափը երեխաները կարող են ստանալ 1.5 ամսական հասակում, երկրորդ և երրորդ դեղաչափերը` համապատասխանաբար 3 և 4 ամսական հասակում:

«Այսքան վաղ ենք իրականացնում պատվաստումը, որովհետև սովորաբար մինչև 6 ամսական հասակն արդեն երեխաների մոտ առաջանում են խնդրահարույց հիվանդություններ և, եթե մինչև այդ տարիքը երեխան իմունիտետ չունենա, հետագայում նրա մոտ կարող են զարգանալ շատ ծանր հիվանդություններ: Թոքաբորբը, օրինակ, բազմաթիվ հարուցիչներ ունի, որոնց 40 %-ը կազմում են պնևմակոկային հարուցիչները»,- ասաց Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով պատվաստման հետևանքով հնարավոր մահացության դեպքերին` մասնագետը նշեց, որ պատվաստման հետևանքով մահացության դեպքեր չեն կարող գրանցվել:

«Անցած տարի լուրեր տարածվեցին, որ պատվաստման հետևանքով երեխա է մահացել: Նշվում էր նաև, որ երեխայի մոտ գաղտնի թոքաբորբ է ընթացել: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ թոքաբորբը չի կարող գաղտնի ընթանալ, այն կարող է կայծակնային ձևով զարգանալ, և պատվաստումն այդ դեպքում համընկել է թոքաբորբի զարգացման հետ: Իրականում երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը»,- ասաց Գայեն Սահակյանը:

Աղբյուրը` Ankakh.com