Բրիտանացի հայրերը կխնամեն նորածիններին, որպեսզի կանայք աշխատեն

Մեծ Բրիտանիայում կթույլատրեն հայրերին արձակուրդ վերցնել երեխայի կյանքի առաջին տարվա մեծ մասի չափով, եթե մայրը վերադառնում է աշխատանքի: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը: Այդպիսով, այս փոփոխությունը հնարավորություն կտա այն կանանց, ովքեր ընտանիքի հիմնական եկամուտի աղբյուրն են աշխատանքի վերադառնալ ծննդաբերությունից երկու շաբաթ անց:

Քանի որ կանայք մեխանիկորեն են ստանում հետծննդյան արձակուրդի իրավունքը, ապա նրանցից կպահանջվի ընդամենը համապատասխան գրություն ներկայացնել, որպեսզի իր փոխարեն ամուսինը արձակուրդ գնա:


Ակնկալվում է, որ այս փոփոխության մասին հոկտեմբերի վերջին պաշտոնապես կհայտարարի Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, թեև հնարավոր է, որ այն ուժի մեջ մտնի միայն 2015-ի հոկտեմբերից, քանի որ կառավարությունը պետք է հասկանա, թե ինչպես այն կարող է անդրադառնալ բիզնեսի վրա:

Այսօրվա դրությամբ կանայք, որոնք մնում են տանը նորածին երեխաների հետ, ստանում են իրենց աշխատավարձի 90-տոկոսը առաջին վեց շաբաթների ընթացքում: Դրանից հետո նրանք դիմում են, որպեսզի արձակուրդը ևս 33 շաբաթով երկարաձգվի և այդ ժամանակահատվածում դարձյալ ստանում են աշխատավարձի 90 տոկոսը կամ 170 եվրո շաբաթական, եթե իրենց եկամուտը դրանից քիչ է:

Հիշյալ փոփոխությունը տարեկան 420 հազար երիտասարդ ընտանիքներին կվերաբերի:

Աղբյուր` Panorama.am