Պետք է խրախուսել աղջիկ երեխաների ծնունդը

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված հետազոտության տվյալների համաձայն, մեր երկրում նորածինների սեռերի հարաբերակցությունը ներկայումս 113 տղա է` 100 աղջկա դիմաց, մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Հայաստանում տղա երեխայի նախընտրությունը միջինը վեց անգամ գերակշռում է աղջիկ երեխա ունենալու ցանկությանը: Որպես հետեւանք, տարեկան կտրվածքով Հայաստանում չի ծնվում 1500-2000 աղջիկ:



Նորածինների սեռերի անհամամասնության ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանին եւ Ադրբեջանին:

Նոյեմբերի 6-ի կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել էր սելեկտիվ աբորտների խնդրի մասին:

«Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես երկու աղջիկների հպարտ հայր ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի հետեւանքով այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր: Հանձնարարում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարներին մշակել մինչեւ 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր», -ասել էր կառավարության ղեկավարը:

Մեդիամաքս-ը զրուցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է լուծում գտնել Հայաստանում սեռով պայմանավորված երեխայի նախընտրության հետ կապված ահագնացող խնդրին:

- Արդեն մի քանի տարի է, ինչ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ահազանգում է մեր երկրում սեռով պայմանավորված երեխաների ընտրության մասին: Ինչո՞վ եք պայմանավորում այն, որ վերջապես այս խնդրի մասին խոսեց նաեւ կառավարության ղեկավարը:

- Նախ, թույլ տվեք նշել, որ վարչապետի հայտարարությունը չափազանց կարեւոր էր, քանի որ սեռով պայմանավորված նորածնի ընտրությունն իսկապես լուրջ բացասական հետեւանքներ է առաջացնում մեր երկրի համար: Պետք է փորձենք կանխել այս բացասական երեւույթի հետեւանքները: 

2011թ.-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարության եւ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ իրականացրեց այս խնդրի վերաբերյալ առաջին հետազոտությունը, որը թույլ տվեց մեզ հասկանալ ստեղծված իրավիճակը, գտնել պատճառները եւ պատկերացնել խնդրի ազդեցությունը Հայաստանի հասարակական եւ ժողովրդագրական պատկերի վրա: Պետական մարմինները այս խնդրի մասին բավական լավ տեղեկացված են:

 

Շարունակությունը` http://www.mediamax.am/