Կրծքով կերակրման հիմնական դիրքերը

Կրծքով կերակրումը երեխայի առողջության համար կարևոր գործընթաց է, որը խթանում է նրա բնականոն աճը և զարգացումը։

Այն  բնական գործընթաց է, սակայն  պահանջում է ժամանակ, համբերություն և ճիշտ մոտեցում։ Թեև նորածինները ծնվում են մոր կուրծքը փնտրելու բնազդով, շատ մայրեր աջակցություն են պահանջում, որպեսզի երեխային ճիշտ դիրքավորեն կերակրման ժամանակ։ Կարևոր է գտնել այնպիսի դիրք, որը հարմար կլինի թե՛ մայրիկի, թե՛ փոքրիկի համար՝ ապահովելով հարմարավետ և արդյունավետ կերակրում։

Ահա կրծքով կերակրման հիմնական դիրքերը, որոնք կարող եք փորձել՝ կախված ձեր կարիքներից և հարմարավետությունից։

1. Օրորելու (դասական) դիրք

Այս դիրքը ամենատարածվածներից է և օգնում է մայրիկին ու փոքրիկին վայելել կերակրման գործընթացը՝ նպաստելով նրանց միջև կապվածության խորացմանը։ Մայրիկը պետք է նստի հարմարավետ վայրում, օրինակ՝ բազկաթոռում կամ բազմոցին, և անհրաժեշտության դեպքում օգտագործի բարձեր՝ երեխայի ճիշտ բարձրության վրա պահելու համար։ Երեխայի մարմինը պետք է սերտորեն հպված լինի մայրիկի մարմնին, իսկ գլուխը հենվի նրա արմնկի վրա։

2. Հակադարձ օրորելու դիրք

Այս դիրքն առավել հարմար է կրծքով կերակրումը նոր սկսող մայրիկների համար։ Այն թույլ է տալիս երեխայի գլուխը պահել ձեռքում՝ օգնելով նրան ճիշտ բռնել կուրծքը։ Մայրիկի ձեռքերը պետք է աջակցեն փոքրիկի գլխին և պարանոցին, իսկ մարմինը հենված լինի նրա մարմնին։

3. Հետ թեքված դիրք («Կենսաբանական սնուցում»)

Եթե փոքրիկը դժվարանում է կուրծք բռնել կամ անհանգստանում է, այս դիրքը կարող է օգնել։ Մայրիկը պետք է հարմարեցնի իր դիրքը՝ հետ թեքվելով և երեխային կրծքին մոտեցնելով։ Մաշկը մաշկին շփումը խթանում է երեխայի սննդառության բնազդը և օգնում նրան ինքնուրույն գտնել պտուկը։

4. Կողքի պառկած դիրք

Այս դիրքը հարմար է գիշերային կերակրումների համար, ինչպես նաև այն մայրիկների համար, ովքեր վերականգնվում են կեսարյան հատումից։ Մայրիկը պառկում է կողքի վրա, երեխային տեղադրում իր կողքին՝ դեմքով դեպի կուրծքը։ Այս դիրքը նպաստում է հանգիստ և հարմարավետ կերակրմանը, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ երեխայի շնչառությունը չխոչընդոտվի։

5.  Ֆուտբոլի կամ ռեգբիի գնդակի դիրք

Այս դիրքը հատկապես օգտակար է այն մայրիկների համար, ովքեր ունեն մեծ կրծքեր կամ անցել են կեսարյան հատում։ Այն օգնում է կանխել կաթնածորանների խցանումը՝ երեխային դիրքավորելով այնպես, որ կաթը լիարժեք հոսի։ Երեխան պետք է կողքից հենվի մայրիկի բազուկին, իսկ նրա ոտքերը լինեն մարմնի կողքով՝ մայրիկի թևի տակ։

Կրծքով կերակրման ճիշտ դիրքի ընտրությունը կարևոր է ինչպես մայրիկի, այնպես էլ երեխայի հարմարավետության համար։ Չկա մեկ ճիշտ դիրք բոլորի համար․ փորձարկեք տարբերակները և ընտրեք այն, որը լավագույնս համապատասխանում է ձեզ։ Համբերատար եղեք, և եթե որևէ դժվարություն ունենաք, մի հապաղեք դիմել մասնագետի խորհրդին։