Ըստ հետազոտությունների`10 կանանցից մեկը երեխայի ծնվելուց հետո կրծքագեղծի բորբոքում`մաստիտ է ունենում: Առավել հաճախ հիվանդությունն առաջանում է կրծքով կերակրման պարագայում:
Պատճառը կաթի լճացումն է, ծորանների խցանումը կամ մանրէները, որոնք օրգանիզմ են անցնում մաշկի վրա առաջացած ճաքերով: Դա գրավում է իմունային համակարգի ուշադրությունը և հանգեցնում բորբոքման. կուրծքն ուռչում է, ցավում, առաջանում է ջերմություն և դողէրոցք:
Որպես կանոն մաստիտը հեշտ է բուժվում, կարևոր է միայն այն ժամանակին հայտնաբերել և բժշկի դիմել: Այդպես կկարողանաք խուսափել անցանկալի հետևանքներից`վիրահատական միջամտությունից և կրծքով կերակրումն անժամանակ դադարեցնելու անհրաժեշտությունից:
Ախտանշանները
Որպես կանոն մաստիտն առաջանում է ծննդաբերությունից հետո երեք ամիսների ընթացքում և միայն մեկ կրծքում: Հիվանդությունն առաջացնում է ընդհանուր թուլություն, դողէրոցք, ջերմությունը բարձրանում է մինչև 38° C, կուրծքն ուռչում ու շոշափելիս պինդ է թվում: Ցավում է մշտապես կամ միայն կերակրելիս: Պտուկի շուրջ մաշկը կարմրում է, կրծքից արտադրությունում կարող է արյուն լինել:
Ախտանշանները շատ արագ են զարգանում, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ բժշկի դիմել:
Ինչո՞ւ է առաջանում
Կերակրող մայրերի մոտ մաստիտ հաճախ առաջանում է կաթի լճացման պատճառով, այսինքն փոքրիկին կերակրելիս կրծքերն ամբողջությամբ չեն դատարկվում: Այս պարագայում հարկավոր է փոխել կերակրման տեխնիկան:
Հիվանդության պատճառ նաև կարող են դառնալ մանրէները, որոնք ապրում են կրծքի մաշկի վրա և փոքրիկի բերանում: Նման մաստիտը կոչվում է ինֆեկցիոն: Անհանգստանալ պետք չէ, այդ բակտերիաները փոքրիկի համար վնասակար չեն: Այլ բան, որ դրանց տեղը կրծքագեղձում չէ: Զգոն եղեք, ինֆեկցիոն մաստիտը, միշտ չէ, որ պայմանավորված է կրծքով կերակրելով, հիվանդության ռիսկային գոտում են 20-30 տարեկան երիտասարդ կանայք: Հիվանդության վտանգն աճում է, եթե պտուկը վնասվում է պիրսինգի կամ կաթը կթելու արդյունքում:
Բուժումը
Մաստիտը սովորաբար բուժվում է հակաբիոտիկներով, սակայն ինքնագլուխ որևէ հակաբիոտիկ խմել չի կարելի, բուժումը պետք է նշանակի և վերահսկի բժիշկը: Նա նաև կրծքով կերակրման ճիշտ տեխնիկայի վերաբերյալ խորհուրդներ կտա, ինչը կօգնի, որպեսզի կրծքագեղձերն ամբողջությամբ դատարկվեն և կաթի լճացում ու ծորանների խցանում չառաջանա:
Աղբյուրը`mama.ru