Սիրելի մայրիկներ, ամեն ինչ սկսվում է կերակրման ճիշտ ձեւից: Եթե հետեւեք երեխային ճիշտ գրկելու, կուրծքը ճիշտ պահելու,
կերակրման հաճախականությունը չխախտելու, ճիշտ սնվելու եւ հանգստանալու սկզբունքներին, խնդիրներ չեն ծագի: Բայց երբեմն սխալներն անխուսափելի են: «Իմ փոքրիկ»-ը, օգտվելով առողջապահության նախարարության տրամադրած ինֆորմացիայից, ձեզ է ներկայացնում խորհուրդների մի ամբողջ փաթեթ:
- Եթե առկա է պտուկների ցավոտություն կամ ճաք, ապա
- վերագնահատել կրծքով կերակրման դիրքը և անհրաժեշտության դեպքում շտկել
- գնահատել պտուկների սնկային ախտահարման նշանները և դրանց առկայության դեպքում համապատասխան բուժում նշանակել
- խուսափել պտուկները հաճախակի կամ օճառով լվանալուց
- Կրծքագեղձերի կանգային կոշտացման դեպքում.
- հաճախ և ճիշտ դիրքում կերակրել երեխային (առնվազն 10-12 անգամ, առանց գիշերային ընդմիջումների)
- կերակրումից առաջ խթանել օքսիտոցինային ռեֆլեքսը տաք ցնցուղի/թրջոցի, մերսման և պտուկների մաշկը գրգռելու միջոցով
- անհրաժեշտության դեպքում շտկել երեխայի կերակրման դիրքը
- կերակրումից հետո կրծքին սառը թրջոց դնել
- Մաստիտի դեպքում.
- շարունակել հաճախակի կերակրել կրծքով
- շտկել կերակրման դիրքը և տարբեր դիրքեր փորձել
- կերակրումից առաջ խթանել օքսիտոցինային ռեֆլեքսը
24 ժամվա ընթացքում վիճակը չբարելավվելու դեպքում պետք է դիմել դեղամիջոցների օգնությանը:
- Կրծքագեղձի աբսցեսի զարգացման դեպքում.
- վիրաբուժական բուժում
- բուժում անտիբիոտիկներով
- հիվանդ կուրծքը հաճախակի կթել
- շարունակել երեխային հաճախակի կերակրել, սակայն եթե ախտահարված կրծքից կթած կաթում կա տեսանելի թարախ, կամ երեխան հրաժարվում է այդ կուրծքը ծծելուց, ապա մինչև կտրվածք կատարելը երեխային կերակրել միայն առողջ կրծքով
- վիրաբուժական միջամտությունից հետո հնարավորինս շուտ երեխային մոտեցնել կրծքին
- Անբավարար կաթնարտադրության դեպքում (հավաստի նշաններն են քաշի ամսական 500 գ-ից պակաս ավելացումը և օրական 6 անգամից պակաս միզարձակումը).
- գտնել անբավարար կաթնարտադրության պատճառը և հնարավորության դեպքում վերացնել (սխալ դիրքով կերակրում, հազվադեպ կերակրում, գիշերային կերակրումների բացակայություն, լրացուցիչ հեղուկների ներմուծում/կերակրում շշով, երեխայի հիվանդություն, մոր առողջությունը/հակաբեղնավորիչ կամ միզամուղ դեղանյութերի օգտագործում, կրծքագեղձերի հետ կապված խնդիրներ)
- շարունակել կերակրել
- երեխային կերակրել ավելի հաճախ
- անհրաժեշտության դեպքում լրացուցիչ սնունդը տալ միայն բաժակով` որպեսզի երեխան շարունակի հաճախակի ծծել կուրծքը
- անհրաժեշտության դեպքում օգտվել սնուցողական խթանիչից