Մաստիտի 3-րդ տեսակի դեպքում նորածնին կերակրելն արգելվում է

Մաստիտը կրծքագեղձերի հետծննդյան բորբոքումն է, երբ ինֆեկցիան ներթափանցում է պտուկների քերծվածքներից: Բորբոքման հետևանքով կրծքագեղձն այտուցվում է,

ծորանները նեղանում են, և կաթի հոսքը դժվարանում է, որի հետևանքով առաջանում է կաթի «գեղձ», իսկ կաթը լավ միջավայր է միկրոբների զարգացման համար:

Գինեկոլոգ-մանկաբարձ Բելլա Աթոյանը բացատրում է, որ լինում է կրծքագեղձի բորբոքման 3 կլինիկական ձև`սերոզ,ինֆիլտրատիվ և թարախային:

«Սերոզ մաստիտի ժամանակ կնոջ մոտ հանկարծակի բարձրանում է ջերմությունը մինչև 39-40 աստիճան, լինում է դող, սարսուռ, ախորժակի բացակայություն, անաշխատունակություն, անքնություն, մարմնի ջարդվածություն»,-ասում է գինեկոլոգ Աթոյանը:

Նա նշում է, որ այդ ժամանակ կրծքագեղձը լինում է լցված, այտուցված, խիստ ցավոտ, իսկ որոշ հատվածներում շոշափվում է կոշտություն: Ցավերը ճառագայթում են դեպի թևատակերը:

 

Գինեկոլոգը խորհուրդ է տալիս առաջին նշանները նկատելուն պես առաջին հերթին դատարկել կրծքագեղձերը,  որից հետո կրծքագեղձին դնել տաք թրջոցներ` կաթնածորանները լայնացնելու և կաթի հոսքը հեշտացնելու համար:Լավ է նաև կամֆորայի սպիրտով կոմպրեսները:Եթե պտուկի վրա կան ճաքեր, պետք է լվանալ անտիսեպտիկ հեղուկներով և ճաքերի վրա դնել տարբեր մածուկներ: Շատ լավ են մասուրի և չիչխանի յուղերը:

Ինֆիլտրատիվ  մաստիտի դեպքում  նույն ձևով պետք է վարվել ինչպես վերոնշյալում: Թե սերոզ և թե ինֆիլտրատիվ մաստիտի ժամանակ թույլատրվում է նորածնին կերակրել:

«Եթե այս երկուսի բուժումը ճիշտ չի տարվում, առաջանում է թարախային մաստիտ: Այս ժամանակ կրծքագեղձի պնդացած տեղում լինում է նաև ֆլյուկտուացիա` թարախի կուտակման հետևանքով: Հիվանդի վիճակը խիստ ծանրանում է: Ունենում է 40-41աստիճան ջերմություն, դող, երբեմն զառացանք»,-բացատրում է գինեկոլոգը:

Թարախային մաստիտի ժամանակ, ըստ գինեկոլոգի, չի թույլատրվում նորածնին կերակրել, քանի որ ինֆեկցիան կանցնի նորածնին: Բուժումը միայն վիրաբուժական է, այսինքն` պետք է կատարվի կտրվածք` կաթնագեղձի հիմքից դեպի պտուկը ուղղությամբ: Կտրված տեղում դրվում են դրենաժներ` թարախային ճանապարհ տալու և վերքը անտիստեպտիկ լուծույթներով լվանալու համար, տարվում է նաև անտիբակտերիալ բուժում:

Մաստիտների բուժման ժամանակ չի կարելի սահմանափակել հեղուկները:  Պետք չէ կրծքագեղձերը ամուր կապել. կաթի հոսքը պետք է լինի ազատ, որպեսզի հնարավոր լինի դատարկել կրծքագեղձերը, իսկ սեղմող կապը կխանգարի կաթի հոսքին:

Անի  Ասատրյան

Շարունակելի