Բոլորս սովորաբար մրսածությանը, հարբուխին վերաբերում ենք որպես ոչ լուրջ հիվանդության: Սակայն հղիությունը և հարբուխը վտանգավոր համադրություն են, որը կարող է ոչ ցանկալի հետևանքների բերել:
Քանի որ հղի կնոջ իմունիտետը ցածր է, ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հավանականությունը մեծ է: Հարբուխը հատկապես վանգավոր է պտղի հյուսվածքների ձևավորման ժամանակ: Կինը, որը դեռ չգիտի հղիության մասին, կարող է հարբուխը բուժել դեղամիջոցներով, ինչն էլ իր հերթին կարող է պտղի զարգացման արատների պատճառ դառնալ:
Հարբուխը վտանգավոր է հատկապես հղիության առաջին չորս ամիսներին, երբ ընկերքը դեռևս ձևավորված չէ: Վիրուսներն այս ընթացքում անխոչընդոտ կարող են ներթափանցել աճող պտղի բջիջների մեջ և հանգեցնել պտղի զարգացման շեղումների:
Հետագայում ձևավորվում է ընկերքը, որն ունակ է պաշտպանել պտղին շատ վիրուսներից: Սակայն, անգամ եթե պտուղը վարակված չէ, նրա համար լուրջ վտանգ են ներկայացնում գործոնները, որոնք ուղեկցում են մոր հիվանդությունը (բարձր ջերմություն, ինտոքսիկացիա, նյութափոխանակության խանգարում):
Բուժումը
Հղիության ընթացքում շատ դեղամիջոցների ընդունումն արգելված է, ուստի մրսածությունը բուժեք ժողովրդական միջոցներով: Կոկորդը կարելի է ողողել սոդայի կամ աղի լուծույթով, էվկալիպտի կամ դաղձի թուրմով: Հազի դեպքում կօգնեն էվկալիպտ կամ կամֆորա պարունակող քսուկները: Հարբուխի դեպքում քթին քսեք թեյածառի յուղ:
Կանխարգելումը
Հղիության ընթացքում հնարավորինս խուսափեք մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց և հանրային տրանսպորտով երթևեկելուց: Պոլիկլինիկա այցելելիս դիմակ կրեք, քթին օկսոլինի քսուք քսեք: Շատ զբոսնեք մաքուր օդում, ճիշտ սնվեք, պահպանեք օրվա ռեժիմը, և հարբուխը ձեզ համար էլ վտանգ չի ներկայացնի:
Նյութը՝ ըստ baby.ru կայքի