«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 30-րդ խմբաքանակին:
Դիաննա
Հարց: Բարև Ձեզ: Իմ փոքրիկը 1 տարեկան, 9 ամսական է: Նրա մոտ, կարծես, սովորություն է դառնում ամեն ինչ շպրտելը: Եթե ջուրը խմում է, բաժակն անպայման պետք է շպրտի, նույն ձևով ափսեն և մնացած այլ իրեր: Ինչպե՞ս պայքարեմ դրա դեմ: Շնորհակալություն
Պատասխան:
Էլեն
Հարց: Բարև, հարգելի հոգեբան: Աղջիկս 2,3 տարեկան է և չի խոսում: 5-6 ամսականից շատ էր դիտում օտար լեզուներով մուլտեր: Հնարավո՞ր է, որ դա լինի պատճառը: Եվ, խնդրում եմ, ասեք` ինչ միջոցներ կիրառել խոսքի զարգացման համար: Նշեմ, որ արդեն մոտ 3 ամիս է, ինչ մուլտ չի դիտում համակարգչով: Դիտում է միայն հեռուստացույցով և միայն հայերեն` այն էլ կարճ ժամանակով: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Երկարատև օտարալեզու մուլտֆիլմերի դիտումը կարող է խանգարել խոսքի զարգացմանը, բայց դա միակ և պարտադիր պայմանը չէ։ Երեխայի խոսքի զարգացման համար պետք է նրա հետ անընդհատ շփվել, խոսել, խաղալ։ Երեխային կենդանի խոսք է պետք։ Բացի այդ, պետք է երբեմն չհասկանալ նրա ինքնատիպ խոսքը, այսինքն` եթե երեխան հասկացնում է ձեզ որևէ բան իր յուրահատուկ լեզվով, ապա երբեմն պետք է ձեւացնել, որ չեք հասկանում նրան, ստիպել, որ ասի այնպես, ինչպես մեծահասակները։ Եթե նկատում եք, որ երեխան, բացի ակտիվ խոսքից, նաև չի հասկանում ձեր խոսքը, չի արձագանքում իր անվանը, չի կատարում հրահանգներ, ապա անպայման ստացեք հոգեբանի և լոգոպեդի խորհրդատվություն։
Հեղինե
Հարց: Իմ փոքրիկը 1 տարեկան, 2 ամսական է և մինչև հիմա գիշերները շատ վատ է քնում, անընդհատ արթնանում է, շատ անհանգիստ ու նյարդային է դարձել: Փորձեցի կրծքից կտրել, բայց դա էլ չօգնեց: Բացի այդ, եթե իր ուզածը չի լինում, գոռում է, լաց լինում, և կարծում եմ, որ դա էլ քնի պակասի արդյունք է: Ես նրան ցերեկը քնեցնում եմ երկու անգամ: Ճիշտ է, կարճ է քնում, բայց քնում է: Խնդրում եմ, խորհուրդ տվեք: Ինչպե՞ս կարգավորեմ նրա գիշերային քունը, և արդյո՞ք դա կապ ունի նրա նյարդային վիճակի հետ.
Պատասխան:Եթե նկատում եք, որ երեխան ընդհանուր առմամբ նյարդային է, բավարար չի քնում ամբողջ օրվա ընթացքում, հանգիստ պահեր գրեթե չեն լինում, ապա պետք է ստանալ նյարդաբանի խորհրդատվություն։
Մելինե
Հարց: Հարգելի հոգեբան, տղաս 4 տարեկան է: Վերջերս նկատում եմ, որ ուզում է առանձնանալ, մեզ ներս չի թողնում, ներքնաշորն իջեցնում է, ուսումնասիրում է սեռական օրգանը, նաեւ ձեռնաշարժությամբ է զբաղվում: Վերջին անգամ սենյակում էր` հայելու մոտ, մեկ անգամ էլ հատակին պառկած: Ես, իհարկե, հասկանում եմ, որ սեռաճանաչության փուլում է, հետեւաբար պետք է հանգիստ արձագանքել, ինչը եւ արել եմ: Նա ինձ տեսավ թե չէ, խառնվեց իրար, բայց ես շատ հանգիստ բացատրեցի, որ կարիք չկա վախենալու, խառնվելու. եթե ցանկանում է, կարող է ուսումնասիրել իր մարմինը, բայց եթե շատ խաղա ձեռքով, գուցե բորբոքվի, ցավեցնի իրեն: Խնդրում եմ ասեք` ճի՞շտ է, արդյոք, իմ մոտեցումը եւ ինչպե՞ս է պետք գրագետ հաղթահարել այս փուլը: Շնորհակալ եմ
Պատասխան: Հարգելի Մելինե, կարծում եմ` ձեր մոտեցումը գրագետ է և ճիշտ։ Պետք է հանգիստ և մեղմ արձագանքել, չարգելել և չվախեցնել։ Հնարավորության դեպքում պետք է աննկատ ուշադրությունը շեղել և երեխայի օրը լցնել հետաքրքիր զբաղմունքներով։ Երբեմն երեխաները դրանով զբաղվում են ձանձրույթից ու անուշադրության մատնվելուց։