Sidebar

«Փոքրիկս գրեթե 3 տարեկան է, բայց լիարժեք չի խոսում. պե՞տք է, արդյոք, մտահոգվել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 23-րդ խմբաքանակին:

Անուն. Լենա

Հարց. Բարև Ձեզ: Իմ  տղան ինը տարեկան է: Զբաղվում է սպորտով: Ակտիվ երեխա է, բայց եթե նրան խնդրում ես ինչ-որ բան անել, նա միանգամից ասում է`  հոգնած   եմ կամ միշտ ե՞ս պիտի անեմ: Անհամբեր է և չի կարողանում էմոցիաններն արտահայտել: Ինչպե՞ս վարվեմ: Օգնեցեք

Պատասխան. Որպեսզի հասկանանք` ինչպես է պետք վարվել տվյալ դեպքում, պետք է և ձեզ, և երեխային տեսնել կամ փոքր-ինչ ավելի մանրամասն տեղեկություններ ունենալ երեխայի մասին: Այս դեպքում երեխայի վարքը կարող է պայմանավորված լինել շատ տարբեր գործոններով` իսկապես հոգնածություն, վաղ դեռահասության սկիզբ, ֆիզիկական դիսկոմֆորտ, հոգեբանական դիսկոմֆորտ, կամակորություն, ծուլություն և այլն: Սրանցից յուրաքանչյուրի դեպքում մոտեցումները տարբեր պիտի լինեն: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս կամ մեկ անգամ առերես խորհրդատվություն ստանալ հոգեբանից, կամ հարցն առավել մանրամասնել:

Անուն. Գոհար

Հարց. Բարև Ձեզ, բժիշկ: Երեխաս 8 ամսական է, 3 ամսականից սովորություն է դարձրել` աջ ձեռքի բութ մատը ծծում է: Ծծակ հիմականում չի վերցնում: Խնդրում եմ` մի խորհուրդ տվեք` ինչպես անեմ, որ մոռանա մատի մասին: Նախապես շնորհակալություն:

Պատասխան. Երեխան ունի բնածին ծծելու ռեֆլեքս, որը ժամանակի ընթացքում բավարարվում է և դադարում: Մինչև մեկ տարեկան երեխայի համար սա նորմալ վարք է, և ծծելուց զրկել չի կարելի: Բնականաբար երկարատև կրծքով կերակրվող երեխաներն ավելի հաճախ են ունենում դրա կարիքը կրծքից կտրվելուց հետո: Դա երեխայի բնական պահանջն է և օգնում է նրան զարգանալ: Հետևաբար, եթե երեխան ծծելու պահանջ ունի, նրան պիտի առաջարկենք ծծակ հատկապես այն դեպքերում, երբ երեխան արհեստական կաթնային խառնուրդ է ուտում, իսկ եթե կրծքով է կերակրվում, ապա պետք է փորձել երկարացնել կերակրելու ժամանակը: Ծծակի ընտրության դեպքում պետք է զգույշ լինել և ընտրել ճիշտ օրթոպեդիկ ծծակ: Ձեռքերը կապել կամ ինչ-որ կերպ երեխային մատիկից զրկել եւ դրա փոխարեն որևէ բան չտալ չի կարելի:

Անուն. Անի Մաթեւոսյան

Հարց. Բարև Ձեզ, «Իմ Փոքրիկ»: Տղաս 1 տարեկան 10 ամսական է: Մեր ընտանիքը բազմամարդ է, ապրում ենք միասին` տատիկը, պապիկը, ամուսնուս քույրը, եղբայրը, ես և ամուսինս: Ընտանիքի ներսում նորմալ միջավայր է, և երեխայի դաստիրակության նորմալ ընթացքին խանգարող հանագամանքներ գրեթե չկան: Տանը երեխան մեծանում է ինքնուրույն. ճաշն ինքնուրույն է ուտում, կարիքների մասին տեղյակ է պահում, մեր տան բակում նույնիսկ մենակ կարող է երկար խաղալ: Բայց երբ տանից դուրս ենք գալիս, կպչում է ինձ ու անընդհատ կրկնում` գրկի, գրկի: Նույնիսկ մի քանի քայլ չի ուզում քայլել` անկախ մարդկանց թվից: Ինձ արդեն անհանգտացնում է նրա այդ վարքը, քանի որ նրա հասակակիցները սովորաբար քայլելով են իրենց մայրիկների հետ խանութ կամ այգի գնում, իսկ իմ տղան փողոցում գրկիցս ոչ մի պայմանի դեպքում չի իջնում: Խնդրում եմ` խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ:

Պատասխան. Հարգելի Անի, հնարավոր է, որ երեխան իրեն ապահով չի զգում դրսում կամ հասակակիցների միջավայրում: Փորձեք այլ տեղ, բայց դարձյալ փակ տարածությունում եւ ոչ թե փողոցում ապահով ձեւով  իջեցնել գրկից, նստել կողքին, խաղալ իր հետ, ժամանակի ընթացքում տարածությունները մեծացնել և ավելի բազմամարդ դարձնել, սկսել խաղալ խաղահրապարակներում և այգիներում այլ երեխաների հետ: Բացի այդ, կարող եք մի քանի անգամ միասին գնալ բակ` դուք և ձեր ամուսինը կամ տանից որևէ մեկը և իր հետ բակում խաղալ, քայլել, վազել:

Մեր խորհուրդները նաև կարող են կախված լինել այն հանգամանքից, թե երեխայի հետ ինչ է պատահել դրսում, գուցե նա վախեցել է ինչ-որ բանից, գուցե ընկել է բակում այն ժամանակ, երբ դեռ նոր էր քայլում: Ամեն դեպքում փորձեք առավելագույն ապահովություն տալ և օգնել, որ նա ինքնուրույն քայլի:  Չեմ կարծում, որ անհանգստանալու առիթ կա, ուղղակի անընդհատ փորձեք ու մի շտապեք առաջին պահանջով գրկել նրան: Հնարավոր է, որ երեխան դրսի աղմուկից կամ մեքենաներից է վախենում: Ստույգ ասելը դժվար է:

Անուն. Լիլիթ

Հարց. Հարգելի բժիշկ, փոքրիկս 2 տարեկան 10 ամսական է և լիարժեք չի խոսում, շատ բառեր է ասում, բայց դեռ նախադասություն չի ասում: Նա ծնվել է 6.5 ամսական, միգուցե  դա՞ է պատճառը...հարց եմ տալիս, չի հասկանում, բայց ինչ իրեն պետք է, հասկացնում է, նույնիսկ պետքարանն է հասկացում և շատ շուտ է նյարդայնանում:

Պատասխան. Մինչև 3 տարեկանը համարվում է երեխայի ակտիվ խոսքի զարգացման շրջանը: Եթե նկատում եք, որ երեխայի խոսքի զարգացման մեջ կան թերություններ, խոսքի ընկալումը լիարժեք չէ, բառապաշարը բավարար չէ տարիքի համար ապա պետք է դիմել նախ լոգոպեդի, ապա նաև այլ մասնագետի` անհրաժեշտության դեպքում:

Անուն. Արեգ

Հարց. Բարեւ ձեզ, խնդրում եմ` օգնեք ինձ: Իմ բալիկը` Արեգը, 3 տարեկան է: Նա շատ կենսուրախ, առույգ ու խելացի բալիկ էր: 2013-ի հունվարին նրա մոտ հայտնաբերվեց աջակողմյան նեֆրոբլաստոմա: Երկար քիմիաթերապիաներից հետո կատարվեց նեֆրոէկտոմա, ապա կրկին հետվիրահատական քիմիաթերապիաներ: Բուժման եւ ապաքինման ընթացքում գրեթե ամեն ինչ իր ուզածով էինք անում, որը պատճառ դարձավ այժմյան պահվածքի: Դարձել է շատ կամակոր, անդադար խփում է իր փոքր եղբորը, չի ուզում բացարձակապես կատարել մեծերի խնդրանքները: Սակայն ամենից շատ ինձ անհանգստացնում է այն, որ անընդհատ ծածկած է պահում ննջարանի դուռը` ասելով, որ այնտեղ ձուկիկ կա: Եթե դուռը փակ չէ, արագ բարձրանում է բազմոցին, որ հանկարծ ձուկիկը չգա, կծի իրեն: Այսպես ասած` Արեգի մոտ ֆոբիա է ձեւավորվել ձկների նկատմամբ: Կասե՞ք, խնդրում եմ, ինչպես վարվել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Նախևառաջ պիտի գիտակցեք, որ երեխայի վարքի վրա ազդում են մի քանի լուրջ գործոններ` 3 տարեկանի ճգնաժամ, փոքրիկի ծնունդ, երկարատև ծանր բուժումներ, հոսպիտալացում, դաստիարակության բացթողումներ այդ բուժումների հետևանքով և այլն: Եթե նույնիսկ առողջական խնդիրները չլինեին, միևնույն է, երեխայի վարքն այս շրջանում փոխվելու էր և դառնալու էր ավելի անկառավարելի, ու դա բնական է: Բայց այս դեպքում մենք ունենք լրացուցիչ բացասական գործոններ, որոնց դեպքում պիտի հաշվի առնենք, որ այս տարիքային ճգնաժամը երեխան ավելի սուր է տանելու,  քան մնացածը:

Ֆոբիայի համար, կարող եմ ասել, որ այն շատ մտահոգիչ չէ. ամենայն հավանականությամբ կանցնի ինքնուրույն: Եթե չանցնի, հոգեբանական թեթև միջամտությունը բավարար կլինի` այն անցկացնելու համար: Միայն մեկ խորհուրդ կտամ` թե դուք եւ թե երեխան հնարավորին  չափ գտնվեք հոգեբանի հսկողության տակ, որպեսզի երեխայի բուժումներն ու ապաքինումն ավելի արդյունավետ և քիչ կորուստներով լինի:

Երեխայի վարքը կառավարելու համար նրան տվեք ազատություն, բայց նաև սահմաններ: Հստակեցրեք երեխայի համար, թե ինչն է կարելի և ինչը չի կարելի: Թույլ տվեք ընտրություն կատարել, բայց ձեր առաջարկած տարբերակների միջից: Գրեք ջեր հաջողությունների մասին:

Անուն. Աննա Մարտիրոսյան

Հարց. Բարև Ձեզ, իմ աղջիկը 1.5 տարեկան է, մի քանի օր է, ինչ խաղալու ժամանակ կծում է իր իսկ ձեռքն ու ցավից լացում: Այժմ ատամ է հանում ու հնարավոր ամեն ինչ բերանն է տանում: Հնարավո՞ր է, որ դա ատամները քորելու ինչ-որ ձեւ է, թե՞ նյարդերի հետ է կապված, չնայած ինքը հանգիստ երեխա է: Նորմալ քնում է, նորմալ ուտում է: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Պատասխան. Շատ հնարավոր է, որ երեխան լնդերը քորելու կամ դիսկոմֆորտից ինչ-որ կերպ դուրս գալու համար է ամեն ինչ բերանը տանում: Ամեն դեպքում այս պահին նրան լնդերը քորելու համար հարմար խաղալիքներ տվեք, իսկ վարքին հետևեք, բայց շատ մի կենտրոնացրեք դրա վրա, մի արգելեք, մի բղավեք, մի զայրացեք, ուղղակի առաջարկեք այլ ձև: Հետևեք վարքին, և եթե նկատեք, որ շարունակվում է այդ վարքագիծը կամ զարգանում և տարածվում, դիմեք մասնագետի: Այդուհանդերձ, եթե անուշադրության մատնեք և անընդհատ առաջարկեք այլ միջոց, տվյալ վարքն ինքնուրույն կդադարի:

Անուն. Նարե

Հարց. Շնորհակալ եմ հարցիս անդրադառնալու համար: Երեխաս արդեն 7 ամսական է, բայց էլի ինձ տան անդամներից չի տարբերում,ավելին՝ պապիկին ու հորեղբոր կնոջն ավելի շատ է սիրում: Ասեմ, որ բալիկիս շատ ժամանակ եմ  տրամադրում, տարիքին համապատասխան զբաղմունքներ եմ գտնում: Նախորդ անգամ դուք հարցիս պատասխանի մեջ լինք էիք ուղղարկել, որը չբացեց: Խնդրում եմ` որևէ նյութ ուղղարկեք, որ կարդալով կողմնորոշվեմ` արդյո՞ք իրոք ինձ չի ճանաչում: Շնորհակալ եմ

Պատասխան. Տվյալ թեմայով նյութեր կան նաեւ www.2ov.am կայքում: Իսկ www.impoqrik.am-ում փորձեք ուսումնասիրել այդ տարիքի համար նախատեսված բաժինները:

Եթե նկատում եք, որ երեխան ավելի կապված է այլ մեծահասակների հետ, մի փոքր ուշադրություն դարձրեք ձեր ներքին զգացողություններին և հուզական վիճակին: Երբեմն լինում է, որ մայրիկները շատ ժամանակ են ծախսում երեխային խնամելու վրա և քիչ են շփվում երեխայի հետ: Չնայած դուք գրել եք, որ շատ ժամանակ եք անցկացնում բալիկի հետ, բայց այնուամենայնիվ ուսումնասիրեք ձեր հուզական վիճակը, որովհետև երեխաներն ավելի ապահով ու լավ են զգում իրենց ավելի խաղաղ և ինքնավստահ մարդկանց մոտ: Փորձեք հասկանալ, թե ինչպես է երեխան իրեն զգում ձեր գրկում և ձեզ հետ: