Sidebar

Ի՞նչ անել, երբ երեխան գիշերը մե՛կ ջուր է ուզում, մե՛կ ասում է՝ զուգարան է ուզում ու չի քնում․ հոգեբանի պատասխանը՝ ընթերցողի հարցին

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանում է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին։  

Հարց 

Տղաս աշխույժ երեխա է եւ շատ խելացի: Նա 2.3 տարեկան է: Քնեցնելուց շատ է կամակորություն անում, անդադար ջուր է խնդրում, հետո հեքիաթ է ուզում լսել, գիշերանոթն է պահանջում եւ նմանօրինակ շատ «անկարգություններ»: Քնում է միայն այն դեպքում, երբ ես վրան բարկանում եմ: Օգնեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվել: Պարզապես չեմ ցանկանում, որ երեխան վատ տրամադրությամբ քնի:

Պատասխան

Այս խնդրին շատերն են բախվում: Երեխայի շուտ խաղաղվելուն և քնելուն կարող են մի շարք գործոններ խանգարել: Եթե քնելուց առաջ երեխան ֆիզիկապես շատ ակտիվ և աշխույժ է եղել,  կարող է՝ չկարողանա անմիջապես խաղաղվել և քուն մտնել: Նույնը կարող է լինել, եթե տանը որևէ հետաքրքիր բան է կատարվում, որը երեխան բաց թողնել չի ցանկանում կամ սպասում է  հայրիկի աշխատանքից գալուն կամ նրա հետ ժամանակ անցկացնելուն և այլն: Այսինքն՝ որոշ դեպքերում պետք է ուշադիր լինել և հասկանալ՝ երեխան ինչու չի ցանկանում քնել: Դրանից հետո պետք է երեխայի հետ համաձայնության գալ քնելու վերաբերյալ: Նախքան քնեցնելը պետք է երեխային գոնե 1 ժամ առաջ զգուշացնել, որ քնելու ժամը մոտենում է, որից հետո անընդհատ հիշեցնել՝ մոտ 15 րոպեն մեկ անգամ: Կարելի է նաև երեխային հարցնել՝ կցանկանա քնել հիմա՞, թե՞ 5 րոպե հետո: Ցանկացած պարագայում հարցերը պետք է ձևակերպել այնպես, որ պատասխանը գոհացնի ձեզ: Դա կօգնի երեխայի կամքը և պատասխանատվությունը զարգացնել: Եթե արդեն համաձայնության եք եկել և գնացել եք քնելու, ապա հաստատակամ եղեք և ժամանակը մի ձգեք: Թույլ մի տվեք, որ երեխան տարբեր պատրվակներով ձեզ պահի իր կողքին: Պայմանավորվեք, որ հեքիաթը ընթերցելուց հետո դուք դուրս եք գալու սենյակից և ժամանակ առ ժամանակ գալու եք իրեն այցելելու մինչև քնելը: Շատ կարևոր է, որ այս տարիքում երեխային աստիճանաբար սովորեցնեք ինքնուրույն քնել: Եթե երեխան երկար ժամանակ չի կարողանում քնել, բայց զգում եք, որ հոգնած է, քնելուց առաջ խաղաղեցնող զբաղմունքներով զբաղեցրեք նրան, անպայման քնեցրեք լոգանք ընդունելուց հետո: Այդպես կձեւավորեք  քնելու սովորույթները: