Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 20-րդ խմբաքանակին:
Անուն: Անի
Հարց: Ամուսնացած չեմ, սակայն ընկերոջս հետ մի քանի անգամ հարաբերություն ենք ունեցել, բայց չի հասել մինչև ներթափանցում: Կույս եմ: Հնարավո՞ր է, արդյոք, հղիություն: Արդեն 10 oր է՝ դաշտանն ուշանում է (ասեմ նաև՝ վիրահատվել եմ ձվարանի կիստա): Անհանգստանում եմ: Ունեմ մեջքի ցավեր, գրեթե ժամը մեկ միզելու ցանկություն եմ ունենում, որովայնի շրջանում կծկումներ կան, կրծքերս էլ ահավոր զգայուն են, հոգնածություն են զգում, անընդհատ քունս տանում է: Դեռ թեստ չեմ դրել: Կարո՞ղ է հղիության հետևանք լինել, թե՞ ավելի լուրջ բան է: Շնորհակալ եմ:
Պատասխան: Եթե սերմնահեղուկը թափվել է սեռական օրգանների վրա, ապա կարող է լինել հղիություն: Սակայն հավանականությունը շատ քիչ է: Խորհուրդ կտամ հղիության թեստ դնել: Ինչ վերաբերում է դաշտանի ուշացմանը, ապա դա կարող է պայմանավորված լինել նաև հորմոնալ համակարգում որոշակի շեղումներով: Ամեն պարագայում ճիշտ կլինի այցելել բժշկի:
Անուն: Տաթև
Հարց: Կա՞ արդյոք հավանականություն, որ ես կհղիանամ, եթե երեխաս 4 ամսական է, կերակրում եմ կրծքով և դեռ դաշտան չունեմ: Շնորհակալ եմ նախապես:
Պատասխան: Այո, հավանականություն կա: Կրծքով կերակրման ժամանակ և դաշտանի բացակայության պայմաններում նույնպես հնարավոր է հղիանալ: Եթե կասկածում եք, որ հղի եք, կարող եք հղիության թեստ դնել:
Անուն: Լիլի
Հարց: Բարև Ձեզ: Բժիշկ ջան, դաշտանս ուշացել էր: Իմ ցիկլը մոտ 39-40 օր է (հունվարի 29-ին վերջին դաշտանս էր, որը տևել է 7 օր): Օգտվելով Ձեր կայքում տեղադրված սանդղակից՝ որոշեցի պտղաբեր օրերս ու թեստ անելու օրս: Թեստ արել եմ, պատասխանը եղել է դրական:Սակայն փոքր-ինչ կասկածում եմ թեստի պատասխանի վրա: Ուրիշ ինչպե՞ս կարող եմ հաստատել հղիությունս: Մեջքիս հատվածում ցավեր ունեմ, բայց շատ չէ: Սրտխառնոցն ու գլխապտույտն էլ շատ չի լինում: Ուզում եմ համոզվել, որ հղի եմ: Գրածս պայմաններում հնարավո՞ր է հղիություն և ուրիշ մեթոդ կասե՞ք՝ հղիությունս հաստատելու համար. Եվս մեկ հարց` թեստի պատասխանն ինձ լիարժեք չի թվացել զուտ այն պատճառով, որ 2 գծերից մեկի գույնը մի քիչ բաց է եղել: Ի դեպ ասեմ, որ քիչ եմ պահել մեզի մեջ, միգուցե դրանից է: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Այո, հնարավոր է հղիություն: Խորհուրդ կտամ կրկին թեստ դնել և այցելել բժշկի՝ սոնոգրաֆիա անցնելու նպատակով: Երկրորդ գիծը պետք է մուգ լինի և պարզ երևա: Հղիությունը հաստատելու համար կարող եք նաեւ արյան անալիզ (HG) հանձնել:
Անուն: Տաթևիկ
Հարց: Բարև Ձեզ: Ես ուզում էի իմանալ, թե հղիության որ շաբաթից են հաշվառման ընդունում: Շնորհակալություն
Պատասխան: Հաշվառման ընդունում են այն ժամանակ, երբ հաստատվում է արգանդային հղիությունն, ու լսվում են պտղի սրտի զարկերը սոնոգրաֆիայի միջոցով՝ 7-8 շաբաթականից սկսած:
Անուն: Մարգարիտա
Հարց: Խնդրում եմ, ասեք՝ հնարավո՞ր է, արդյոք, հղիանալ, եթե հարաբերությունը կատարվել է դաշտանային ցիկլի 4-5 օրը: Ի դեպ, դրան նախորդող 2 ամիսներին ընդունել եմ հակաբեղմնավորիչ հաբեր: Եվս մեկ հարց` հնարավո՞ր է՝ դաշտանի ուշացումը պատճառ լինի այն բանի, որ վերջերս` 3 շաբաթ առաջ, անցել եմ ձվարանի կիստայի լապարասկոպիկ վիրահատություն: Շնորհակալություն
Պատասխան: Այդ օրերը համարվում են անվտանգ, և հղիանալու հավանականությունը չնչին է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա այո, երբեմն վիրահատության հետևանքով լինում է դաշտանի ուշացում: Եթե մոտ օրերս չսկսվի, դիմեք բժշկի:
Անուն: Կառա
Հարց: 13 շաբաթական հղի եմ, և ինձ մոտ հայտնաբերվել է ուրիոպլազմա (species): Բժշկուհիս ասում է, որ պետք է բուժել, սակայն այն ժամանակ, երբ ես զգամ երեխայի խաղը: Ցանկանում եմ իմանալ` վնաս չե՞ն լինի, արդյոք, անտիբիոտիկները երեխայիս, և եթե հրաժարվեմ բուժումից, ի՞նչ վտանգ կարող է առաջացնել այդ ինֆեկցիան երեխայիս համար:
Պատասխան: Ուրիոպլազման կարող է տարբեր մանկաբարձական բարդությունների բերել հղիության ժամանակ (վիժման վտանգ, վաղաժամ ծննդաբերություն և այլն): Սակայն դա պարտադիր հետեւանք չէ: Բուժումը հիմնականում սկսում են հղիության երկրորդ եռամսյակից հետո ըստ ցուցման, երբ արդեն լիարժեք ձևավորված են լինում պտղի օրգան-համակարգերը: Հղիության ժամանակ հավանականությունը շատ քիչ է որեւէ վնաս հասցնել պտղին բուժմամբ, եթե ընտրված են այնպիսի դեղորայքներ, որոնք թուլատրված են հղիության ընթացքում :