«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 16-րդ խմբաքանակին:
Անուն: Լուսինե
Հարց: Խնդրում եմ Ձեզ՝ ինձ օգնեք. երեխաս վեց ամսական է, շատ հաճախ քնած ժամանակ լացում է, կարծես վախեցած լինի, ու երկար ժամանակ չեմ կարողանում հանգստացնել, ընդհանրապես բարձր ձայներից, աղմուկից վեր է թռչում: Խնդրում եմ՝ բացատրեք՝ դա ինչի հետ կապված կլինի:
Պատասխան: Այդ տարիքում երեխայի լացը քնի մեջ կարող է կապված լինել որոշ ֆիզիոլոգիական պրոցեսների հետ: Հավանաբար ատամների դուրս գալու շրջանն է սկսվել, և լացը կարող է ցավի հետ կապված լինել: Բարձր ձայներից լացն ավելի շատ կապված է ծնողների վախի ու անհանգստության զգացման հետ, որը փոխանցվում է երեխային: Եթե բարձր ձայներից վախենում է երեխան, նշանակում է՝ նա շատ լուռ և խաղաղ միջավայրում է ապրում: Փորձեք հնարավորինս աղմկոտ և աշխույժ դարձնել ձեր առօրյան:
Անուն: Լիլիթ
Հարց: Բարև Ձեզ, տղաս 3,9 տարեկան է, ինն ամիս առաջ սկսել է հաճախել մանկապարտեզ։ Ինքնուրույն սկսել է ուտել մոտ երկու ամիս առաջ, այն էլ միայն այն սնունդը, որը սիրում է: Հրաժարվում է նոր բաներ փորձել, կամակորություն չի անում, բայց լաց է լինում, հեկեկում, խնդրում, որ ուրիշ ուտելիք տանք: Իսկ մանկապարտեզում, բացի մի կտոր հացից, ամեն ինչից հրաժարվում է, կրկին լացելով և հեկեկալով: Ստացվում է, որ տանը կերած նախաճաշից հետո հաջորդ անգամ նա սնվում է կրկին տանը արդեն երեկոյան ժամը 5-ին։ Ինչպե՞ս հաղթահարենք այդ խնդիրը, որ մանկապարտեզում էլ գոնե ուտի այն, ինչը սիրում է։ Նշեմ, որ մինչև 3.5 տարեկան ապուրները կերել է միայն հարիչով մանրացրած, քանի որ դեռ փոքր՝ մեկ տարեկան հասակից նշիկների խնդիր ունի, և բկանցքը մի քիչ փակ է, հաճախակի փսխել է ուտելիս, և մանկաբույժի խորհրդով մանրացրել ենք ուտելիքը: Դա վերաբերում է հեղուկ պարունակող ուտեստին՝ ապուր, շիլա, իսկ փլավ, հաց, թխվացքաբլիթ, տապակած կարտոֆիլ հանգիստ ծամում և կուլ է տալիս: Մրգերից , բանջարեղենից հրաժարվում է, չի էլ փորձում, ուտում է միայն բանան։ Միս (հավ, ձուկ) չի ուտում, (կերել է միայն հարիչով մանրացված վիճակում՝ ապուրների մեջ, մսի համը ծանոթ է երեխային):
Պատասխան: Որքան երեխայի շրջապատը հարմարեցնում ենք նրա պահանջներին, այնքան նա ավելի պահանջկոտ և կամակոր է դառնում: Աստիճանաբար պետք է փորձել փոքր քայլերով փոփոխություններ մտցնել երեխայի կերակրացանկի մեջ: Երբեմն կարելի է ուղղակի մերժել իր սիրելի կերակուրը պատրաստել՝ թողնելով նրան ուտել կամ չուտելու ընտրության առջեւ: Իհարկե, նման դեպքում չի կարելի այնպիսի կերակուր առաջարկել, որ նա կտրականապես հրաժարվի, այլ փոքր-ինչ փոփոխություններով: Բլենդերով հարած կերակուրն այդ տարիքում արդեն ավելորդ է, քանի որ նա կարողանում է պինդ սնունդը ծամել և ուտել: Առհասարակ փորձեք երեխայի սնվելու ժամը դարձնել սովորական գործողություն և ոչ թե հատուկ արարողություն: Փորձեք հնարավորինս չկատարել երեխայի պահանջները: Եթե շարունակ պատրաստեք այն, ինչ սիրում է, նա չի սովորի նոր կերակրատեսակներին: Մի փոքր նաև աշխատեք ձեր անհանգստության ու վախի վրա: Որքան շատ եք անհանգստանում երեխայի կուշտ կամ սոված լինելու համար, այնքան նա ավելի կամակոր է դառնում այդ հարցում: Թողեք մի փոքր երեխան սովի զգացում էլ ունենա: Շատ հաճախ տեղի մի տվեք լացին ու կամակորությանը, ասեք, որ ուտելու այլ բան չկա: Նորը մի պատրաստեք: Այն, ինչից նախկինում հրաժարվել է, հաճախակի նորից փորձեք, ամեն անգամ նոր ձևով պատրաստեք, այնքան, մինչև ուտի: Երեխայի դաստիարակությունը, հատկապես նման սովորությունները մի փոքր համառություն են պահանջում: Համբերատար եղեք ու անընդհատ փորձեք:
Անուն: Լուսինե
Հարց: Հարգելի բժիշկ, 2.6 տարեկան աղջիկս, երբեմն չստանալով իր ուզածը, այնպես է զայրանում, որ աչքերը կարմրում են, վզի մկանները ձգվում, բղավում է, աչքի տակ եղած իրերը դիտավորյալ նետում կամ խփում է իրեն արգելողին: 1.Նորմա՞լ է, արդյոք, այս տարիքում նման ռեակցիան: 2. Ինչպե՞ս հասնել նրան, որ այդպես չնյարդայնանա: Ես ամեն բան արգելելուց իրեն բացատրում եմ՝ ինչու եմ դա արգելում, բայց միևնույն է, արգելքի հանդիպելիս այդպես է արձագանքում:
Պատասխան: 1.Եթե այդ ռեակցիան նոր է սկսվել, կարելի է ասել, որ նորմալ է, քանի որ երեխայի մոտ սկսվում է 3 տարեկանի ճգնաժամը, որին բնորոշ են նման բռնկումները: 3 տարեկանի ճգնաժամը երեխայի «ես»-ի դրսևորման և կամքի առաջացման տարիքն է: Այս տարիքում երեխան փորձարկում է, տեղի-անտեղի օգտագործում այն, ինչ նոր է ձևավորվել իր մոտ՝ այնպես, ինչպես մենք ուզում ենք ամեն տեղ կրել նոր հագուստը և պայուսակը: Չի կարելի երեխայի կամքը կոտրել այս ընթացքում, այսինքն՝ նրա հետ հաշվի նստել պետք է, սակայն ոչ պակաս կարևոր է սովորեցնել հաշվի նստել ձեր կամքի հետ: Այս երկու ծայրահեղությունների մեջտեղում պետք է իրականացնել երեխայի դաստիարակությունը:
2. Որոշ երևույթներ միանգամից չեն անցի, դրանց պետք է դիմանալ որոշ ժամանակ: Ամենաառաջինը՝ հանգիստ պետք է արձագանքեք, մի´ զայրացեք, մի´ զարմացեք, մի´ շփոթվեք, պահպանեք ինքնատիրապետումը, և երեխան աստիճանաբար կհասկանա, որ իրավիճակի տերը դուք եք, այլ ոչ ինքը: Իսկ դա դաստիարակության համար ամենակարևորն է: Կարիք չկա անմիջապես երեխայի վարքը փոխել կամ ցույց տալ նրա սխալը, պարզապես պահպանեք ինքնատիրապետումը, դիմացեք որոշ ժամանակ, արգելքը մի հանեք, շարունակեք արգելել այն, ինչ արգելված է, և ժամանակի ընթացքում երեխան կընդունի ձեր կանոնները:
Անուն: Ինա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Բալիկս 2.5 տարեկան է, շատ հանգիստ և խելացի աղջիկ է եղել միշտ: Երբ 2 տարեկանը լրացավ, որոշեցի մանկապարտեզ տանել, քանի որ շատ շփվող էր և մարդամոտ: Կարծում եմ, որ հենց այստեղից սկսեցին մեր խնդիրները: Մտածում էի, որ ժամանակավոր խնդիր է և շուտով կհարմարվի: Այդպես էլ եղավ, հարմարվեց մանկապարտեզին (ամեն դեպքում գոնե լաց չէր լինում առավոտյան, իսկ դայակներն ասում են՝ շատ լավ է մնում), սակայն շատ կամակոր, անհանդուրժող և չենթարկվող է դարձել, անհնար է իրեն հագցնել՝ ցանկացած զգեստ, զուգագուլպա, գուլպա, վարտիք հագնելիս ասում է՝ նեղում է և լաց է լինում, փախչում է, մազերը չի թողնում հարդարեմ, հավաքեմ, անգամ փոքրիկ ծամակալ կպցնեմ, եղունգները նույնիսկ կտրում եմ, երբ քնած է:Մի քանի անգամ բռնկվեցի, զայրացա, քանի որ անհնար է նման ըմբոստությունից ափերից դուրս չգալ, հատկապես եթե առավոտյան շտապում ես աշխատանքի, իսկ բալիկդ բղավում է, հրաժարվում է հագնել այն ամենը, ինչ առաջարկում ես: Հետո հասկացա, որ դա հակառակ ազդեցությունն է թողնում, սկսեցի ավելի համբերատար, հանդուրժող լինել, իրեն ընտրության որոշակի ազատություն եմ տալիս, փորձում եմ շեղել, հասկանում եմ , որ իր եսն է ձևավորվում, բայց մեր բնակարանից ամբողջ օրն իր բղավոցներն ու կանչերն են լսվում: Հուսահատվել եմ, հարգելի բժիշկ, այնքան շատ եմ կարդում 2-3 տարեկան երեխաների ճգնաժամի մասին, փորձում եմ սիրով և համբերատարությամբ հաղթահարել, բայց արդյունք չկա: Որեւէ մոտեցում չի մեղմացնում իրավիճակը: Կարելի է ասել՝ արդեն ամբողջովին կորցնում եմ սեփական երեխայիս նկատմամբ վերահսկողությունը, չգիտեմ ինչ անել, ինչպես վարվել:
Պատասխան: Իրականում ամեն ինչ կախված է այն հոգեվիճակից, որում դուք փորձում եք ազդել երեխայի վարքի վրա: Եթե դուք ձեզ անօգնական ու պարտված եք զգում, ամաչում եք երեխայի պահվածքից, շփոթված եք ու անհանգիստ այլ խնդիրների հետ կապված, ապա նա կշարունակի իր այդ վարքը: Երեխան որքան խելացի է, այնքան կարող է սուր տանել այդ ճգնաժամային շրջանները: Կարևոր չէ, թե դուք ինչ եք անում, կարևոր է՝ ինչ հոգեվիճակում եք: Եթե պարտված եք զգում ձեզ, եթե ձեր վարքով խնդրում եք երեխային, որ ձեզ ենթարկվի, ապա ճիշտ հակառակը կլինի: Պետք է հավաքեք ձեր ուժերը և հստակ տրամադրեք այդ ընտրությունը, որը դուք եք սահմանում: Հագուստի մեջ մի քանի օրինակ տվեք, որոնցից ինքը կընտրի: Եթե փախչում է, ուժով բերեք նորից սենյակ, հագցրեք այն, ինչ ճիշտ եք գտնում: Հանգիստ և խաղաղ հոգեվիճակում դուրս բերեք երեխային տանից, անգամ եթե նա լացում է սրտակտոր: Նման վարքագծին ուղղակի արձագանքել պետք չէ: Որոշ անգամներ երեխան պիտի զգա և տեսնի, որ իր կամակորությունները որևէ արդյունք չեն տալիս: Մի վախեցեք, որ հարևանները կլսեն, կամ ինչ կասեն: Ձեր երեխան այս պահին ավելի կարևոր է: Եթե հնարավոր է, երբեմն թողեք, որ իր ասածը լինի, որից հնարավոր է, որ ինքն ավելի տուժի:
Անուն: Լիանա
Հարց: Բարեւ Ձեզ, բժիշկ: Նյարդերս լավ չեն, գիշերները չեմ կարողանում քնել: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Եթե քունը խախտվել է, նշանակում է` դուք խախտել եք ձեր օրգանիզմի հավասարակշռությունը ցերեկը: Հետևեք ձեր ցերեկվա կյանքին ու առօրյային: Եթե դուք լարված եք, եթե ձեզ դժբախտ եք զգում, եթե դժգոհ եք կյանքի տարբեր իրողություններից, ապա քունը միանշանակ կխախտվի: Ցերեկվա ընթացքում մի արեք այնպիսի բաներ, որոնք չեք ցանկանում անել, մի նվիրվեք բոլորին և միանգամից, մի քիչ պահեք ձեզ համար: Մի ակնկալեք, որ բոլորը և միշտ կգնահատեն և կհավանեն ձեզ, նման բան չի լինում: Համակերպվեք կյանքում առկա դժվարությունների և ուրախությունների հետ: Դրանք միշտ որոշակի հավասարակշռության մեջ են լինում: Պետք է փորձեք գտնել ու նկատել կյանքի ուրախ ու լիարժեք կողմերը: Եթե դա չի հաջողվում անել և դուք տանջվում եք ձեր կյանքում առկա որոշ անփոխարինելի և անփոփոխ իրողություններից, ապա դիմեք մասնագետի օգնությա