Sidebar

«Տղաս շատ է ուտում տապակած կարտոֆիլ. վտանգավո՞ր է, արդյոք, միօրինակ սնունդը». «Իմ Փոքրիկ»-ին ուղղված այս ու մյուս հարցերի պատասխանները

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 2-րդ խմբաքանակին:

Անուն: Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, հարցս հետևյալն է` երեխաս 6 ամսական է,  կարող եմ նրան թեյ տալ: Ի՞նչ օգտակար նյութեր է թեյը պարունակում:

Պատասխան: Հարգելի Հասմիկ, ցավոք Դուք չեք նշել, թե Ձեր երեխան ինչով է սնվում: Համարվում է, որ մինչև 1 տարեկան կրծքով սնվող երեխան ոչինչ չպետք է ընդունի,  իսկ թեյը կատարում է միայն հեղուկի դեր և որեւէ օգտակարություն չունի:

Անուն: Կարինե


Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Տղաս 2 տարեկան է: Ունի երկաթ դիֆիցիտային անեմիա: Ինչքա՞ն պետք է լինի ֆերիտինի պարունակությունը արյան բաղադրության մեջ այդ տարիքի երեխաների համար:

Պատասխան:Հարգելի Կարինե, ընդհանրապես ցանկացած արյան պաթոլոգիայի դեպքում ցանկալի է գտնվել մանկական հեմատոլոգի հսկողության տակ և չզբաղվել ինքնաբուժությամբ, իսկ ֆերիտինի պարունակության հարցը թողեք բժիշկներին:

Անուն: Մարի


Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Մեր բալիկը 10 օրական է, ծննդաբերությունը շատ բարդ է անցել, 19 ժամ ցավ քաշելուց հետո կեսարյան հատում են արել, բալիկը 3600գ է, 50 սմ, ամեն ինչ նորմալ է, բայց գլխի վրա ծննդաբերական այտուց կա: Ես գիտեմ, որ նման բան հաճախ է լինում, բայց այն այնքան էլ փոքր չէ, շատ անհանգիստ ենք, խնդրում ենք, հուշեք` պե՞տք է, արդյոք, վիրաբույժի դիմել՝ արյունը քաշելու համար, թե դեռ պետք է սպասել, արդյո՞ք վտանգավոր չէ երկար սպասելը կամ վիրահատական միջամտության դիմելը:  Ինձ թվում է` 10 օրվա ընթացքում չի իջել: Խնդրում եմ՝ օգնեք. եթե պետք է միջամտել, որևէ լավ հիվանդանոց կամ մանկաբույժի խորհուրդ տվեք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան:Հարգելի Մարի, ժամանակակից մոտեցումները խորհուրդ են տալիս չմիջամտել, կեֆալոհեմատոման չբացել (ձեր խոսքում` այտուցը): Պարզապես Դուք պետք է պատրաստ լինեք, որ երեխայի գլխի այդ հատվածում կմնա կոշտացում:

Անուն: Մոնիկա


Հարց: Բարև Ձեզ, տղաս 5 ամսական է:  Այտերին կան կարմիր պզուկներ, դրանք հայտնվել են «Բեբի»  ֆիրմայի կաշա ուտելուց հետո:  Ի՞նչ խորհուրդ կտայիք:  Նախապես շնորհակալություն:

Պատասխան:Հարգելի Մոնիկա, արհեստական սննդով սնվող երեխաների մոտ հաճախ լինում է  նորմալ բակտերիալ կազմի խանգարում (դիսբակտերիոզ), որն արտահայտվում է մաշկային դիաթեզի ձևով: Նպատակահարմար է կատարել հետազոտություն և դիմել մանկական գաստրոէնտերոլոգի:

Անուն: Ռուզաննա


Հարց: Բարև Ձեզ, իմ բալիկը 1,5 տարեկան է, մինչև 1 տարեկան նա լուծով էր ատամ հանում, իսկ հիմա երեխայի մոտ փորկապություն է սկսվել,  տնային ոչ մի պայման չի օգնում, ես հիմա նրան օրը 1 անգամ Dufalak եմ տալիս,  ու երեխայի աղիները նորմալ գործում են: Դա երկար ժամանակ տալը կարո՞ղ է կախվածություն առաջացնել երեխայի մոտ, քանի որ ինձ թվում է` փորկապությունն ատամներից է (ժանիք ու սեղան ատամներն է ծակում):  Նախապես շնորհակալություն.

Պատասխան:Հարգելի Ռուզաննա, 1.5 տարեկան երեխայի մոտ ատամների ծկլթումը միշտ չէ, որ արտահայտվում է աղիքային ֆունկցիաների խանգարումներով: Նման դեպքում խորհուրդ եմ տալիս այցելել և հետազոտել երեխային մանկական գաստրոէնտերոլոգի մոտ:

Անուն: Տաթևիկ


Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 4 ամսական է,  քնած ժամանակ անհանգիստ է շնչում,  մի քանի վայրկյան շունչը պահում է, հաճախակի է կատարում խորը շնչառական շարժումներ : Խնդրում եմ, ասեք`  ինչի՞  հետևանքով կարող է դա առաջացած լինել, այն կարո՞ղ է համարվել նորմալ և որևէ ձևով այն կարո՞ղ է ազդել երեխայիս առողջության ՝ հատկապես սրտի և ուղեղի աշխատանքի վրա:

Պատասխան:Հարգելի Տաթևիկ, եթե երեխան արթուն վիճակում ադեկվատ է, և որեւէ պաթոլոգիական վիճակ չի նկատվում, ապա քնած ժամանակ նման վիճակի համար անհանգստանալու կարիք չկա:

Անուն: Անի


Հարց: Ես Անին եմ՝ 22 տարեկան: Աղջիկս 1 տարեկան 8 ամսական է, դեռ կրծքով եմ կերակրում, չեմ կարողանում կաթից կտրել, ամեն ինչ փորձել եմ,  չի ստացվում: Խնդրում եմ օգնել: Ի՞նչ դեղ կառաջարկեք խմել: Դա կօգնի՞  այն դեպքում, երբ նա անընդհատ կաթ է ուտում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Անի, ժամանակակից մոտեցումները, ճիշտ է, խորհուրդ են տալիս կերակրել կրծքով մինչև 2 տարի, սակայն փաստ է, որ 10-12 ամսականից հետո շատ դժվար է կրծքից կտրել: Այդ տարիքում մեխանիկորեն են կրծքից կտրում (ուղակի չկերակրելով),  և դեղորայքային միջամտությունն արգելված է:

Անուն: Ռուզաննա

Հարց: Բարև ձեզ, երեխաս 5 ամսական է, ուտում է միայն կրծքի կաթ, թշիկների վրա ծնված օրվանից կարմրություն կա: Բժիշկն ասաց՝ դիաթեզ է, հիմա այդ տիպի կարմրություն ու չորություն ոտքերի տարբեր մասերում, ծնկների մոտ եմ նկատում: Հնարավո՞ր է՝ դա էլ դիաթեզ լինի:  Շնորհակալություն:

Պատասխան:Հարգելի Ռուզաննա, Ձեր նկարագրած վիճակը բնորոշ է դիաթեզին: Ցավոք, կրծքով սնվող երեխաների մոտ ևս նկատվում է դիաթեզ: Խորհուրդ կտամ կատարել դիսբակտերիոզի հետազոտություն:

Անուն: Նարե


Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Աղջիկս 4 ամսական է,  արդեն 1 ամիս կլինի, ինչ հրաժարվում է կրծքի կաթ ուտել(լացում է և անցնում կապրիզի): Խնդրում եմ, ասեք` ի՞նչը կարող է պատճառ լինել նման պահվածքի,եթե ականջներում ցավ չունի,շշով չի կերել,և կերել է միայն կուրծք:

Պատասխան: Հարգարժան Նարե, նման պահվածքը բնորոշ է այն դեպքերին , երբ կաթը չի բավարարում օրվա պահանջը: Ցանկալի է կատարել կոնտրոլ կշռում՝ 1 անգամյա կերած ծավալը որոշելու նպատակով:

Անուն: Արևիկ


Հարց: Բարև Ձեզ:  Իմ փոքրիկը ծնվել է Վլադիկավկազում: Շատ ծանր

ծննդաբերություն եմ ունեցել` երեխաս փորիկի վրա էր պառկած, և պորտալարըը երկու պտույտ փաթաթված էր նրա պարանոցով: Այդպես ինքնուրույն ծննդաբերել եմ: Երեխաս ծնվել է  երկու հեմատոմատներով, և ուղեղը սնուցող հեղուկը նորմայից բարձր էր: Բժիշկը  նրան նշանակել էր դիակարբ և ասպարկամ: Մեկ տարի խմեցրել եմ այդ դեղերը, հիմա փոքրիկս երկու տարեկան երեք ամսական է: Արդյո՞ք այդ դեղերի պատճառով է, որ հիմա փոքրիկս վարժ չի խոսում: Կարո՞ղ են  այդ դեղերն  ազդել նրա ուղեղի զարգացման վրա: Նախօրոք շնորհակալ եմ:

Պատասխան:Հարգելի Արևիկ, նման երեխաները պետք է շարունակաբար գտնվեն մանկական նյարդաբանի հսկողության տակ: Իսկ ընդունած դեղորայքը չէր  կարող պատճառ հանդիսանալ այդ վիճակի համար: Պատճառը, հավանաբար, բարդացած ծնդդաբերությունն է և ծնդդաբերական տրավման, ինչպես նաև ներարգանդային բարձր ճնշումը:

Անուն: Անի


Հարց: Բարեւ ձեզ, փոքրիկիս մոտ ի ծնե ծուռվզություն կա, բժիշկն ասաց` պետք է տոկերի ու սրսկումների միջոցով բուժվի, հնարավո ՞ր է ժամանակի ընթացքում անցնի:

Պատասխան: Հարգարժան Անի, ծուռվզությունն  ունի աստիճաններ, և տարբեր վիճակները պահանջում են տարբեր բժշկական մոտեցումներ: Խորհուրդ կտամ դիմել մանկական վնասվածքաբանի:

Անուն: Սոնա


Հարց: Բարև Ձեզ: Տղաս 5 տարեկան է, օրվա ընթացքում սիրում է միշտ տապակած կարտոֆիլ ուտել: Արդյո՞ք միօրինակ սնունդը վնասակար չէ առողջությանը:

Պատասխան: Հարգելի Սոնա, տապակած կարտոֆիլը համեղ է, սակայն ոչ օգտակար սննդատեսակ է համարվում: Խորհուրդ՝ ուշադրություն դարձրեք երեխայի սննդատեսակի վրա, և երեխային տվեք բազմատեսակ  ու օգտակար սնունդ: