«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 17-րդ խմբաքանակին:
Անուն: Սոնա
Հարց: Բարեւ ձեզ, հարգելի հոգեբան: Տղաս 5 տարեկան է, շատ է սիրում Հզոր ռենջերները նայել, չեմ կարողանում արգելել: Ինչ սկսել է նայել դա, դարձել է կամակոր, կոպիտ ասած՝ վայրենի ու դրանց ձեւերը կրկնում է քրոջ վրա: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվեմ.
Պատասխան: Ընդհանրապես լավ կլինի՝ նախքան երեխային ցույց տալը ծնողները դիտեն տվյալ մուլտֆիլմերը և մեծահասակի աչքով գնահատեն դրանց օգտակարությունը: Կարծում եմ՝ եթե դուք նախապես ծանոթ լինեիք այդ մուլտֆիլմերին, դժվար թե հրամցնեիք այն ձեր բալիկին: Բայց այս պահին արդեն ուշ է դրա մասին մտածել, թեեւ հաջորդ դեպքերը կանխելու համար կարող եք նկատի ունենալ: Նախ՝ պետք է երեխային բացատրել, որ նման բաներ քույրիկի հետ անել չի կարելի, որ ռենջերները (ես, իհարկե, հույս ունեմ, որ այդպես է) նման կերպ վարվում են չար հերոսների հետ, իսկ իրենց հարազատների և ընկերների հետ նման բաներ չեն անում: Բացի այդ, երեխայի համար այլ հետաքրքրություններ ստեղծեք, առհասարակ սահմանափակեք հեռուստացույցի առջեւ նստելու ժամանակը: Նոր մուլտֆիլմեր առաջարկեք: Եթե չի համաձայնում, որոշ շրջան դիտեք այդ մուլտֆիլմերը միասին և ընթացքում մեկնաբանեք, թե ինչ են անում ռենջերները, ինչու են այդպես վարվում և ինչու չի կարելի այդպես վարվել և այլն:
Անուն: Գոհար
Հարց: Բարեւ ձեզ: Իմ փոքրիկն արդեն մեկ տարեկան է: Ինչպե՞ս սովորեցնեմ, որ առանց օրորելու քնի եւ մինչեւ ե՞րբ շարունակեմ կրծքով կերակրել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Կրծքով կերակրելու մասին կան տարբեր տեսակետեր, բայց մասնագետները գտնում են, որ կարելի է կերակրել նույնիսկ մինչև 3 տարեկան հասակը: Ես կարծում եմ և վստահ եմ իմ տեսակետում, որ կրծքով կերակրումը պետք է լինի երկուսի համաձայնությամբ և ցանկությամբ`մոր և բալիկի: Եթե մայրն սկսում է տանջվել կամ չափից շատ հոգնել այդ ընթացքում, ապա պետք է մտածել՝ որքանով դա կարող է օգտակար լինել բալիկի համար: Երեխան մոր կրծքի կաթի հետ ստանում է նաև մոր հույզերն ու ապրումները: Այդ պատճառով ես կարծում եմ, որ պետք է կրծքով երեխային կերակրել այնքան ժամանակ, քանի դեռ և´ մայրը, և´ երեխան հաճույք են ստանում այդ պրոցեսից, և որևէ մեկը չի տանջվում ընթացքում: Եթե դուք արդեն ուզում եք ավելի ազատ և անկախ լինել, աշխատել կամ վերականգնել ձեր կյանքի նախկին ռիթմը, ապա կարծում եմ՝ բալիկը ևս դեմ չի լինի, որ դուք ավելի երջանիկ ու խաղաղ լինեք: Առանց օրորելու քնեցնելուն պետք է աստիճանաբար գնալ: Սկսեք աստիճանաբար ավելի ու ավելի թեթև օրորել՝ կամաց-կամաց երեխային սովորեցնելով հանգիստ քնելուն: Դա արեք այնքան ժամանակ, մինչև կնկատեք, որ առանց օրորելու քնեց:
Անուն: Լիլի
Հարց: Հարգելի հոգեբան, որդիս 3.5 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ, առողջ է եւ շատ ակտիվ: Բայց առավոտը սկսում է չդադարող նվվոցով ու մուննաթով, որը հաստատապես կապ չունի մանկապարտեզ գնալ-չգնալու հետ: Սիրով է գնում ու դժվարությամբ էլ համոզում ենք, որ տուն բերենք: Նվվոցը շարունակվում է նաեւ երեկոյան ու գիշերը, հետո վերածվում է պահանջների ու լացի: Քնից առաջ պարտադիր ողբում է որեւէ կորցրած խաղալիքի համար կամ հենց այնպես՝ պատրվակ գտնելով: Հիմնականում փորձում եմ առանց բարկանալու հանդարտեցնել, շեղել, զրուցել, հեքիաթ ու պատմություններ հորինել: Երբեմն օգուտ տալիս է, երբեմն՝ ոչ: Ինչպե՞ս վարվեմ: Այդ նվվոցի պատճառով բոլորիս օրն է փչանում, իր մոտ էլ բնավորություն է ձեւավորվում: Էլ չեմ խոսում մուննաթի մասին: Իհարկե, խոսել եմ հետը, զրուցել, հորինած կերպարների միջոցով ցույց տվել այդ վարքի տգեղ լինելը, բայց դեռ արդյունքի չեմ հասնում: Շնորհակալ եմ
Պատասխան: Սովորաբար մանկական նվնվոցն իր հիմքում ունի որևէ պահանջ՝ իրականում տվյալ պահին երեխայի հայտնած պահանջների հետ որևէ կապ չունեցող: Որքան դուք նյարդայնանում եք այդ նվնվոցից, այնքան ավելի վատ է լինում, երեխան ավելի է խորացնում իր այդ վարքը: Սովորաբար այդ նվնվոցն այնքան է ափերից հանում, որ մեծահասակներն անմիջապես նյարդային ու լարված արձագանք են տալիս դրան: Իրականում պետք է ուղղակի փնտրել պատճառները` նշանները հապճեպ վերացնելու փոխարեն: Ինչ-որ բան տվյալ ժամանակահատվածում չի բավարարում երեխային, կա մի պահանջ, որ չի բավարարվում: Խնդիրն այն է, որ երեխաներն իրենք էլ չգիտեն իրենց անհանգստության պատճառը որն է, հակառակ դեպքում կասեն դրա մասին պարզ: Այդ անհանգստությունն էլ արտահայտում են անվերջ նվնվոցով: Տվյալ դեպքում երեխային բացատրել ու ցույց տալ, թե որքան տգեղ է իր արարքը կամ որքան նյարդայնացնող, ուղղակի իմաստ չունի, դա չի օգնի: Պետք է փորձել օրվա ընթացքում ուշադիր լինել, ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչն է երեխային պակասում, ինչի կարիք նա ունի, և ինչի կարիքն է հայտնում այդքան անհույս ու անտեղի նվնվոցով:
Անուն: Կարեն
Հարց: Բարեւ ձեզ: Ես ունեմ 4 տարեկան տղա: Աշխատում եմ մինչեւ ուշ երեկո: Երբ գալիս եմ տուն, արդեն տղաս պառկած է լինում, բայց դե կարոտած եմ լինում, համբուրում եմ, մի քիչ էլ կոպիտ սիրում, արդյունքում ես ու կինս ենք խնդիրներ ունենում, քանի որ ասում է՝ երեխայի քունը խանգարում ես: Ինչպե՞ս վարվենք: Հո չե՞մ կարող երեխային շաբաթով չտեսնել ու չսիրել: Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար:
Պատասխան: Որքան էլ որ հասկանալի է մայրիկի անհանգստությունը երեխայի քնի, ռեժիմի և հանգստանալու համար, միևնույն է, պետք է ասեմ, որ երեխան քնից շատ հայրիկի կարիքն ունի, հատկապես տղա երեխան: Դուք անգամ գիշերը քնելուց առաջ կարող եք մի 30 րոպե երեխայի հետ անցկացնելով լրացնել ամբողջ օրվա նրա կարոտը ու պակասը: Մի հարցում գուցե կհամաձայնեմ մայրիկի հետ, որ կարոտն առնեք ավելի հանգիստ ձևերով, գուցե գրկելով, շոյելով ու սիրելով, բայց մի քիչ հանգիստ, քանի որ իսկապես ձեր ներկայությունից երեխան կոգևորվի, իսկ ակտիվ խաղալուց հետո ուղղակի չի կարողանա քնել: Դուք նաև կարող եք ոոշակի պարտականություններ ստանձնել: Երեխային քնեցնելը վերցրեք ձեզ վրա, եթե կարող եք ամեն օր գալ գոնե այդ պահին, երբ երեխան քնում է, քնեցրեք ինքներդ: Հատկապես տղա երեխայի համար դա շատ կարևոր է: Նրա տղամարդ մեծանալու համար անփոխարինելի է ձեր հետ շփումն ու կապը: Կարծում եմ՝ այդ ժամանակ ձեր կինն ավելի քիչ կբողոքի, դուք էլ կարոտը կառնեք, ձեր տղան` նույնպես, հոգեբանական առումով էլ կապահովեք տղայի լիարժեք և առողջ աճը: