Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 3-րդ խմբաքանակին:
Անուն: Հայարփի
Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 6 ամսեկան է, արդյո՞ք գիշերանոթին ընտելացնելու ժամանակն է:
Պատասխան: Հարգելի Հայարփի, 6 ամսականը դեռ վաղ է և ցանկալի է երեխային գիշերանոթին վարժեցնել 1 տարեկանից:
Անուն: Մառա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Վերջերս նկատել եմ, որ 2,5 տարեկան երեխայիս ճակատը հիմնականում քնած ժամանակ մեկ սառչում է, մեկ` տաքանում: Կցանկանայի իմանալ, թե ինչն է դրա պատճառը: Ասեմ, որ գանգատներ չունի, չի ջերմում, սառնությունը չի հաջորդում քրտնելուն, ճակատի սառնության պահին քիթիկը, թաթիկներն ու ոտքերը տաք են լինում: Կցանկանայի իմանալ նաև` արդյո՞ք ճակատի նշված սառնությունը չի նպաստի մրսելուն:
Պատասխան:Հարգելի Մառա, Ձեր նկարագրած վիճակը բացարձակապես վտանգ չի ներկայացնում իրենից և խորհուրդ եմ տալիս քնած երեխային շատ չանհանգստացնել, թողեք՝ երեխան հանգիստ քնի:
Անուն: Մառա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ցանկանում եմ իմանալ՝ կարելի՞ է, արդյոք, հարբուխ ունեցող, լցված քթիկով, բայց չջերմող երեխային լողացնել:
Պատասխան:Հարգարժան Մառա, հարբուխով լողացնելը ցանկալի չէ, բայց կարծում եմ, որ Ձեր երեխայի մոտ հարբուխ չկա, ուստի ցանկալի է դիմել բժշկի:
Անուն: Սոնա
Հարց: Բարեւ ձեզ, աղջիկս 3 տարեկան է, մեզից մի տեսակ տհաճ հոտ է գալիս, ինչի՞ց կարող է լինել: Ի՞նչ անեմ:
Պատասխան:Հարգելի Սոնա, շատ հնարավոր է, որ դա լինի միզաթթվային դիաթեզ: Դա հիմնականում ժամանակի ընթացքում ինքնուրույն անցնում է, սակայն նման դեպքերում խորհուրդ ենք տալիս անպայման կատարել մեզի հետազոտություն և դիմել մանկական ուրոլոգի:
Անուն: Աննա
Հարց: Հարգելի բժիշկ, փոքրիկս 35 օրական է, կուրծք չի ուտում: Կարո՞ղ եմ, արդյոք, կովի կաթ տալ` ջուր խառնելով: Անգամ երկու տեսակի` Հիպ և Ֆրիսոլակ կեր եմ տվել, որից աղիները լավ չեն գործում: Այժմ ցանկանում եմ անցնել կովի կաթի: Շնորհակալություն
Պատասխան:Հարգելի Աննա, կովի կաթ միանշանակ արգելվում է: Ձեր ընտրած կերերից, հնարավոր է, լինեն աղիների խնդիրներ: Ցանկալի է երեխային տեսնել և կատարել արհեստական կերի ճիշտ ընտրություն:
Անուն: Ջուլիետա
Հարց: Բարև Ձեզ, ինչպե՞ս կարելի է կտրել կրծքի կաթը:
Պատասխան: Հարգարժան Ջուլիետա, ցավոք դուք չեք նշել երեխայի տարիքը: Եթե երեխան մեկ տարեկանից բարձր է, կաթից կտրում են մեխանիկական ճանապարհով՝ ուղղակիորեն երեխային հեռացնելով ձեզանից, ձեր կրծքից: Գտեք որևէ առիթ ու երեխային հեռացրեք ձեզնից: Այդ տարիքում կուրծք ուտելն ավելի շատ սովորույթ է և սկզբնական շրջանում կարող է մի փոքր նյարդային խնդիրներ առաջացնել երեխայի մոտ, սակայն վստահ եմ, որ հետագայում կշահեք:
Անուն: Լերա
Հարց: Հարգելի բժիշկ, բալիկիս ափերի մեջ չորություն եմ նկատում, շրթունքների անկյունները ճաքած են, շրթունքները՝ կարմրած: Գիտեմ, որ դա լինում է ավիտամինոզից: Խնդրում եմ` մինչև բժշկի այցելելն ասեք, թե
1.ո՞ր վիտամինի պակասից է այդպես լինում,
2.արդյո՞ք կան ոչ դեղամիջոցային բուժումներ
3.որո՞նք են տվյալ դեպքում ամենաանվտանգ վիտամինները, որոնց մեջ կլինեն հնարավորինս քիչ հավելումներ, ներկանյութեր կամ՝ ընդհանրապես չեն լինի:
Պատասխան:Հարգարժան Լերա, ցանկալի է նշել երեխայի տարիքը, որովհետև տարբեր տարիքի երեխաների համար կան հատուկ ցուցված վիտամինային խմբեր: Կարող եք խորհրդակցել Ձեր տեղամասի մանկաբույժի հետ:
Անուն: Դավիթ
Հարց: Երեխան 3 տարեկան է, երկար ժամանակ կլինի` շատ քիչ է ուտում. օրական համարյա չի ուտում, ախորժակ չի ունենում, իսկ վերջերս պատահել է` կերածը փսխում է, ջերմությունն էլ բարձրանում է և թույլ է զգում իրեն:
Պատասխան:Հարգարժան Դավիթ, այդ տարիքում երեխաներին բնորոշ է վատ ախորժակը, սակայն փսխումների և ջերմության բարձրացման հաճախակիացման դեպքում խորհուրդ կտամ անցնել գաստրոէնտերոլոգիական համակարգի հետազոտություն, որպեսզի նոր խնդիրներ չծագեն:
Անուն: Մառա
Հարց: Բարեւ Ձեզ, իմ աղջիկը 7տարեկան է, ունի դերմատիտ. ձեռքերը քոր են գալիս, վերածվում չոր վերքի` հատկապես երեսի կողմից մատների ծալվող մասերում: Մաշկաբանի նշանակմամբ օգտագործել ենք տավեգիլ, լատիկորտ, էլոկոմ, բայց փոփոխություն չկա: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան:Հարգելի Մառա, մաշկային խնդիրները լուծելու նպատակով անպայման պետք է դիմել կոմպետենտ մաշկաբանի՝ զուգահեռ ստուգելով աղիքների բակտերիալ ֆոնը/ կղանքի անալիզ դիսբակտերիոզի համար/:
Անուն: Սոնա
Հարց: Բարև Ձեզ, երեխաս 4 ամսական է, քաշը` 6.5-7կգ: Խնդրում եմ, ասեք` դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Պատասխան:Հարգելի Սոնա, այդ տարիքի համար քաշը նորմալ է:
Անուն: Ռուզան
Հարց: Հարգելի բժիշկ, տղաս 3 ամսական է, քնած ժամանակ վեր է թռչում կամ վախեցած գոռում ու օգնություն հայցող հայացքով նայում է ինձ: Ինչի՞ հետ է դա կապված և ինչպե՞ս կարող եմ պայքարել դրա դեմ:
Պատասխան:Հարգելի Ռուզան, այդ ժամկետի երեխաների համար նման վիճակը կարելի է նորմալ համարել, քանի որ ձևավորվում է նրանց էմոցիոնալ միջավայրը, եւ անհանգստանալու կարիք չկա:
Անուն: Լիլի
Հարց: Հարգելի մասնագետ, որդիս 3.5 տարեկան է, ոտքերը շուտ են քրտնում: Բացի այդ, եղունգները (միայն ոտքերի) շատ փխրուն են ու շերտավորվում են: Նաեւ ուղիղ չեն աճում, հետեւաբար մսի մեջ են մտնում: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչը կարող է լինել պատճառը: Կարծում եմ՝ նշածս երկու խնդիրները, իհարկե, միմյանց հետ կապ չունեն: Շնորհակալ եմ
Պատասխան:Հարգելի Լիլի, Ձեր բալիկի մոտ ամենայն հավանականությամբ կա կալցիումի փոխանակության խանգարում: Նպատակահարմար է կատարել հետազոտություններ և դիմել մանկական գաստրոէնտերոլոգի:
Անուն: Լուսինե
Հարց: Հարգելի բժիշկ, երեխայիս մոտ նկատվում է դեղնություն, նաև աչքերի մեջ: Նշեմ, որ նոր եմ ծննդաբերել՝ դեռ 40 օրը չի անցել: Կա՞, արդյոք, անհանգստանալու պատճառ:
Պատասխան:Հարգելի Լուսինե, երկար մնացող դեղնուկից պետք է անհանգստանալ: Ցանկալի է կատարել բիլիռուբինի հետազոտություն: Անհրաժեշտության դեպքում դիմեք մանկաբույժի:
Անուն: Գայանե
Հարց: Հարգելի բժիշկ, ես ունեմ երիկամների հետ կապված խնդիր, ինչի պատճառով ճնշման բարձրացումներ են լինում: Ճնշումը կարգավորող հաբ եմ օգտագործում: Ինձ մտահոգում է մի հարց՝ կարելի՞ է, արդյոք, հղիության ընթացում օգտագործել այդ հաբերը, հնարավո՞ր է դրանք վնասեն երեխային: Եթե այո, ապա ի՞նչ այլ միջոցներ կան, որոնք չեն վնասի պտղին:
Պատասխան:Հարգարժան Գայանե, շատ ավելի ճիշտ կլինի այդ խորհրդատվությունը կատարել ձեր մանկաբարձ-գինեկոլոգի հետ: Կան բազմաթիվ դեղահաբեր, սակայն կոնկրետ նշել չեմ կարող, որովհետև չեմ կարող ասել, թե Ձեզ որը կօգնի: Հարցը կարող է կարգավորվել միմիայն մանկաբարձ- գինեկոլոգի խորհրդատվությամբ:
Անուն: Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս 5 ամսական է, ուտում է միայն կրծքի կաթ և օրը մի ճաշի գդալ ջուր(ջուր չի սիրում), բայց քաշը 6 կգ է, իսկ հասակը՝ 60 սմ: Աճը շատ քիչ է։ Կաթս յուղոտ է, իսկ փոքրիկս սնվում է ռեժիմով՝ 2 ժամը մեկ, կշտանում է, և եթե ես փորձեմ ժամանակից շուտ կերակրել, հրաժարվում է և չի ուտում։ Խնդրում եմ՝ կասե՞ք, թե էլ ինչի՞ց կարող է լինել երեխայիս վատ աճելը։ Ավելացնեմ, որ փոքրիկս առողջական որեւէ խնդիր չունի: Նախօրոք շնորհակալություն։
Պատասխան:Հարգելի Հասմիկ,կարծում եմ, որ Ձեր երեխայի աճը բավարար է: Ձեր կաթի մասին դատողությունները տեղին չեն առանց դրա որակական հետազոտության: Լավ կլիներ նշել, թե ինչ քաշով է ծնվել երեխան: Իսկ ավելի մանրամասն խորհրդատվություն ստանալու համար պետք է կատարել կոնտրոլ կշռում, որպեսզի հասկանանք, թե կերակրելու ժամանակ ինչ քանակությամբ կաթ է ուտում երեխան:
Անուն: Ալինա
Հարց: Բարեւ ձեզ, ցանկանում եմ փոքրիկիս կտրել կրծքից, ինչպե՞ս անեմ, որ կաթը հետ քաշվի: Նախապես շնորակալ եմ:
Պատասխան: Հարգարժան Ալինա, Դուք չեք նշել երեխայի տարիքը, որը շատ կարևոր է: Եթե երեխան մեկ տարեկանից բարձր է, ապա կաթից կտրում են մեխանիկական ճանապարհով՝ ուղղակիորեն երեխային հեռացնելով ձեզանից, ձեր կրծքից: Գտեք որևէ առիթ եւ երեխային հեռացրեք ձեզանից: Այդ տարիքում կուրծք ուտելն ավելի շատ սովորույթ է և սկզբնական շրջանում կարող է մի փոքր նյարդային խնդիրներ առաջացնել երեխայի մոտ, սակայն վստահ եմ, որ հետագայում կշահեք:
Անուն: Աննա
Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս 2 տարեկան է, նրա բերանից հոտ է գալիս, ավելի արտահայտված է քնից արթնանալուց անմիջապես հետո: Ինչի՞ հետ կարող է դա կապված լինել: Շնորհակալություն
Պատասխան:Հարգարժան Աննա, այդ տարիքում բերանի հոտը կարող է պայմանավորված լինել ստամոքս-աղիքային համակարգի ախտաբանական վիճակների հետ: Խորհուրդ եմ տալիս դիմել մանակական գաստրոէնտերոլոգի:
Անուն: Տաթև
Հարց: Հարգելի մանկաբույժ, տղաս 2 տարեկան է, չի խոսում, ընդամենը մի քանի բառ է արտաբերում, ուզում է բառ ասել, բայց չի կարողանում, շատ նյարդային է, երեխաների հետ առհասարակ չի շփվում, իրեն միայնակ է լավ զգում: Կա՞, արդյոք, անհանգստանալու առիթ խոսելու հետ կապված և եթե այո, կոնկրետ ի՞նչ մասնագետի դիմենք:
Պատասխան: Հարգելի Տաթև, կարելի է սպասել ևս մեկ տարի: Կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում նա կսկսի խոսել, իսկ նյարդային վարքը կապված է նրա հետ, որ արդեն մտածող երեխան չի կարողանում մտքերն արտահայտել: Եթե այնուամենայնիվ չխոսի, ապա 3 տարեկանից հետո կարելի է դիմել մանկական նյարդաբանի:
Անուն: Մարգարիտա
Հարց: Բարև Ձեզ, տղաս 2 տարեկան, 2ամսական է և քնելուց առաջ պարտադիր կուրծք է ուտում, հետո միայն քնում, իսկ գիշերները հանգիստ քնում է: Չնայած պատահում է նաև, որ գիշերն արթնանում է և նորից ուզում է կուրծք ուտել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս նրան կտրեմ կրծքից, քանի որ աշխատում եմ և փոքրիկին պետք է մանկապարտեզ ուղղարկեմ: Նախապես շնորհակալություն:
Պատասխան:Հարգարժան Մարգարիտա, երեխային կրծքի կաթից կտրում են մեխանիկական ճանապարհով՝ ուղղակիորեն երեխային հեռացնելով ձեզանից, ձեր կրծքից: Գտեք որևէ առիթ ու երեխային հեռացրեք ձեզանից: Այդ տարիքում կուրծք ուտելն ավելի շատ սովորույթ է և սկզբնական շրջանում կարող է մի փոքր նյարդային խնդիրներ առաջացնել երեխայի մոտ, սակայն վստահ եմ, որ հետագայում կշահեք: