Մի գյուղում մի հարուստ ջրաղացպան էր կենում իր կնոջ հետ։
Նրանց կողքին էլ՝ իր աղքատ խրճիթում, մի պառավ էր ապրում։ Պառավի ունեցած-չունեցածը մի քանի հավ ու ճիվ էր, բայց ջրաղացպանի կինը, որ ամեն ինչ ուներ ու էլի դժգոհ էր իր կյանքից, ամեն աստծո օր պառավից մի հավ էր գողանում։
Առավոտ շուտ պառավը դուրս էր գալիս, հավերը հաշվում էր ու տեսնում, որ մի հավ պակասել է, մեկ սպիտակ հավերից էր կորչում, մեկ՝ չալպուտուրիկներից։
Պառավը համ գիտեր, թե ով է իր հավերը գողանում, համ էլ ձայն չէր հանում, մտածում էր․ <<Վերջն ինքը խայտառակ կլինի․ ով ինչ անի՝ իրեն կանի>>։
Մի օր էլ ջրաղացպանը շուկայից գալիս, տուն է մտնում ու տեղում քարանում․ ի՜նչ տեսնի՝ կնոջ երեսին ու մարմնի վրա հավի փետուրներ են աճել, ինքն էլ թխսի պես կչկչում ու դեսուդեն է թռչկոտում։
-Այ կնիկ, չեմ հասկանում, էս ինչ ես դառել,-հարցնում է ջրաղացպանը։
-Կարող է պառավի հավերը գողանալու համար է էս փորձանքը գլխիս եկել, - հանցանքը խոստովանում է կինը։
Ջրաղացպանն անմիջապես գրբացի մոտ է գնում։
-Կինս մեղք է գործել․ հարևան խեղճ պառավի հավերը գողացել է, ու էդ պատճառով երեսին ու մարմնին հավի փետուրներ են դուրս եկել,- ասում է ու խնդրում, որ իրենց այդ փորձանքից ազատի։
Գրբացը թե՝
-Իսկ պառավը չի՞ անիծել, չի՞ կռվել, հայհոյել։
-Չէ՛,- ասում է ջրաղացպանը,- ձայն-ծպտուն չի հանել, բայց, եթե իմացվի, գյուղով մեկ կխայտառկվենք, գետինը կմտնենք։ Ախր, փետուրները ո՞նց թաքցնենք։
-Հենց վատն էլ էն է, որ պառավը ձայն չի հանել,-ասում է գրբացը։
Ջրաղացպնը հետ է գալիս, պառավի տուն է մտնում ու ասում․
-Բարև, մայրի՛կ, լսել եմ՝ տանդ գողություն է եղել։
-Չէ՛,- հանգիստ ասում է պառավը,-ամեն ինչ իր տեղում է։
-Ինչպե՞ս է իր տեղում, երբ հավերիցդ պակասել են,- ասում է ջրաղացպանը։
Պառավը թե՝
-Հա՛, ճիշտ է, պակասել են, բայց տանողը վերջն ի՛նքը խայտառակ կլինի․ ով ինչ նի՝ իրեն կանի։
-Բայց ինչի՞ ձայն չես հանում, չես բողոքում, ինչի՞ ես լռում․ ախր քեզ վնաս են հասցրել,- ասում է ջրաղացպանը։
-Ոչի՛նչ, կարևոր չէ,- պատասխանում է պառավը,- ամառը նորից հավ ու աքլոր կառնեմ, ճտեր կունենամ։
-Ախր, ինչպե՞ս ես համբերում, երբ քեզ էսքա՜ն վնաս ու նեղություն են պատճառել,- չի հանգստանում ջրաղացպանը,- գոնե մի բան ասա, անիծիր, հայհոյ՛ր՝ սիրտդ թեթևանա, հովանա։
-Ասելու կարիք չկա․ իմ սիրտն առանց ասելու էլ հանգիստ ու խաղաղ է,- ասում է պառավը։
Օրը կամաց-կամաց մթնում է, բայց ջրաղացպանը պառավից ձեռ չի քաշում, մի գլուխ խնդրում, աղաչում, պղտում է, որ հավի գողին նախատի, անիծի, հայհոյի։
Խեղճ պռվը տեսնում է՝ էլ ճար չկա, ջրաղացպանից պրծում չկա, համբերությունից դուրս է գալիս, զայրանում, չալիկը խփում է գետնին, ասում․
-Ի՞նչ ես տիզի պես կպել, պոկ չես գալիս։ Դժբախտ մարդ է իմ հավերը տանողը, դու էլ նրա օրն ընկնես։
Պառավի խոսքերի վրա ջրաղացպանն ուրախությունից տեղում պար է գալիս․
-Ի՜նչ լավ եղավ, ի՜նչ լավ եղավ․ մեղք գործեցի ու պատժվեցի։
Տուն է գալիս, տեսնում, կնոջ երեսի ու մարմնի փետուրները թափվել են, մաքրվել։ Ուրխությունից ինչ ձեռքն ընկնում է՝ է՛լ յուղ, է՛լ միս, է՛լ տեսակ-տեսակ կերակուրներ, տանում պառավին է տալիս։
Ասում են՝ այդ օրվանից ջրաղացպանի կինը էլ չէր համարձակվում ուրիշի ունեցվածքի վրա աչք տնկել․ անգամ հավի ընկած փետուրին մոտ չեր գալիս, ո՜ւր մնաց՝ հավին։