Դդումով ապուրը իդեալական է որպես հավելյալ կերակրատեսակ փոքրիկների համար: Մայրիկները հաճախ այն ներառում են փոքրիկի սննդացանկում 5-6 ամսական հասակից:
Այսինքն, հենց զգում եք, որ կրծքի կաթը երեխային այլևս չի կշտացնում և հավելյալ կերակրատեսակի կարիք կա, կարող եք նրան առաջարկել դդումով ապուր: Դդումը կարելի է ներառել սննդացանկում դդմիկից և ծաղկակաղամբից հետո: Սկզբում տվեք նրան մեկ թեյի գտալ փորձելու, ապա ամեն հաջորդ օր աստիճանաբար ավելացրեք` հետևելով երեխայի օրգանիզմի արձագանքին:
Կաթնակեր երեխայի համար դդումով ապուրը շատ օգտակար է, քանի որ այս բանջարեղենը հարուստ է B խմբի (B1, B2, B6), ինչպես նաև C, E վիտամիննրով և նիկոտինաթթվով: Դդումը հարուստ է և միկրոտարրերով` մագնեզիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, որոնք հարկավոր են երեխային ոսկորների և մկանային համակարգի ակտիվ աճի փուլում:
Իհարկե, շատ մայրիկների վախեցնում է դդումի վառ գույնը, քանի որ հաճախ վառ գունավորմամբ մթերքներն ալերգիա են առաջացնում: Բայց դդումի պարագայում կարող եք հանգիստ լինել, այն չի վնասի մանկիկին:
Ապուրի համար հարկավոր է.
200 գրամ դդումի միջուկ կամ փափկամաս
50 մլ կաթ,
Ջուր
Շատ քիչ բուսական յուղ կամ կարագ:
Պատրաստման եղանակը.
Դդումը հարկավոր է մաքրել ու մանր խորանարդիկներով կտրատել: Լցնել տարայի մեջ, ավելացնել եռման ջուր, այնքան, որ խորանարդիկները ծածկվեն ջրով: Եփել մարմանդ կրակի վրա քսան րոպե: Ապա դդումը պետք է հարել բլենդերով մինչև համասեռ զանգվածի վերածվի: Ավելացնել եռման կաթը և յուղը:
Բարի ախորժակ: