Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ
4.Որոշեք երեխայի անհատական պատրաստվածությունը:
Երեխան պետք էֆիզիկապես, հոգեպես և հուզականորեն պատրաստ լինի մանկապարտեզին: Երեխան պետք է իմանա հետևյալ բառերի նշանակությունը` «կարելի է», «անհրաժեշտ է», «չի կարելի», «վտանգավոր է»: Ընտանիքում դաստիարակության ժամանակ անհրաժեշտ է դրսևորել հետևողականություն, միասնական պահանջներ և կանոններ: Անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի նյարդային համակարգի առանձնահատկությունները:
5.Ադեկվատ եղեք երեխայի ընդունակությունները գնահատելիս: Ցանկացած երեխա գովեստի կարիք ունի: Սակայն կարևոր է ասել նրան, թե ինչն է նրա մոտ ստացվում, իսկ ինչը` ոչ: Ծնողները պետք է նրբանկատ լինեն: Եթե երեխայի ընդունակությունները, նրա հաջողությունները կարծես թե չեն նկատվում ծնողների կողմից, երեխայի մոտ կորում է ինքնավստահությունը: Ինչպես նաև չպետք է չափից շատ խրախուսել երեխային` նա կսկսի գերագնահատել իր հնարավորությունները, ծանր տանել յուրաքանչյուր անհաջողություն: Եթե երեխան վաղուց կարողանում է ինքնուրույն գդալով ուտել ապուրը, չպետք է խրախուսել, սակայն ամեն անգամ պետք է գովել նրան, թե որքան մաքուր է կերել այն այս անգամ:
6.Որքանո՞վ է ինքնուրույն երեխան: Ինքնուրույնության զարգացման համար հարկավոր է հիշել, որ ծնողները ընդօրինակման օբյեկտ են երեխայի համար, եթե ծնողներն իրենց իրերը տեղը չեն դնում, սեղանից սպասքը չեն հավաքում, անիմաստ է դա պահանջել երեխայից: Երբ երեխան ասում է. «ես ինքս», նրան ինքնուրույն գործելու հնարավորություն տվեք` չքննադատելով նրան:
Նախադպրոցական տարիքում ինքնուրույնության բավականաչափ զարգացման նշաններն են.
- Ձգտում է ինքնուրույն կատարել առաջադրանքը, սկսած գործը,
- Կարողանում է ինքն իր համար զբաղմունք գտնել, պայմաններ ստեղծել խաղի համար,
- Ինքնուրույն լվանում է ձեռքերը, սրբել իրեն, ինքնուրույն ուտել,
- Կարողանում է հավաքել իր խաղալիքները, գիտի դրանց տեղը,
- Դժվարությունների առաջացման դեպքում, եթե չի ստացվում ինքնուրույն, օգնություն է խնդրում, բայց չի թողնում սկսած գործը,
- Գործողության ինքնուրույն կատարումից բավականություն է ստանում:
Նյութն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը