Զարգացման ընթացքում երեխաները հաճախ կրկնօրինակում են մեծահասակների շարժուձևը, խոսքերը: Եթե պատահաբար այնպես է ստացվել, որ երեխան որևէ մեկից հայհոյանք կամ որևէ վատ բառ է լսել ու մտապահել, խուճապի մատնվել պետք չէ: Փոքրիկին կարելի է հետ վարժեցնել ցանկացած բառից և արտահայտությունից:
Ինչպե՞ս վարվել մանկիկների հետ
Եթե ձեր փոքրիկը երկու-երեք տարեկան է, շատ հավանական է, որ նա լավ կհիշի ցանկացած վատ
արտահայտություն: Նախ, քանի որ այս տարիքում երեխաներն ամեն բան կրկնօրինակում են և երկրորդ, քանի որ այդ բառը երեխան առաջին անգամ է լսում և այն կարծես մխրճվում է հիշողության մեջ:
Հաշվի առեք, երկու-երեք տարեկանում երեխան հայհոյում ու նմանատիպ բառեր է օգտագործում ոչ այն պատճառով, որ կոպիտ ու բռի է ծնվել, այլ որպեսզի ուշադրություն գրավի: Երեխան նկատում է, որ որոշակի բառեր արտասանելուց հետո բոլորն իրեն են նայում և սկսում է այդ բառերն ավելի ու ավելի հաճախ օգտագործել: Նման պարագայում լավագույն միջոցը արհամարհելը, ուշադրություն չդարձնելն է:
Եթե կարողանաք դիմանալ և մի քանի օր, երբեմն էլ մի քանի շաբաթ, անտեսել երեխայի արտասանած հայհոյանքները, շատ հավանական է, որ փոքրիկը շատ շուտով կմոռանա այդ բառերը:
Ինչպես վարվել նախադպրոցական տարիքի երեխաների հետ
Հինգ-յոթ տարեկան երեխաներն ավելի լավ են հասկանում հայհոյանքների և նմանատիպ բառերի նշանակությունը: Նրանք արդեն հասկանում են, որ այդ բառերը վիրավորական են և դրանք օգտագործում են իրենց հարազատների կամ ընկերների նկատմամբ: Երեխան կարող է վիրավորական բառեր կիրառել վեճի ժամանակ` փորձելով այդպիսով խոցել, թուլացնել դիմացինին:
Այս շրջանում կարելի է կիրառել ճիպոտի և քաղցրաբլիթի մեթոդը: Եթե երեխան սահմանն անցել է ու իրեն վատ է պահում, մտածեք պատժի մասին: Եթե նոր է սկսել նման բառեր օգտագործել, կարող եք սահմանափակվել նման բառերը չկիրառելը խրախուսելով:
Ամենակարևորը, ափերից դուրս մի եկեք և ինքներդ աշխատեք նման բառեր չկիրառել, հատկապես երեխայի ներկայությամբ: Երբ ծնողն է իրեն թույլ տալիս հայհոյանք կամ անեծք օգտագործել, ապա պետք չէ սպասել, որ տվյալ ծնողի երեխան կլինի դաստիարակված և քաղաքակիրթ: Միշտ հետևեք ձեր խոսքին` հետագայում խնդիրներից խուսափելու նպատակով: Ընդ որում, ձեր հյուրերին, ընկերներին և հարազատներին էլ կարող եք զգուշացնել, որ ձեր տանը խոսեն մաքուր հայերենով` առանց ավելորդությունների:
Նյութն ըստ molodayamama.ru կայքի