Հոգեբան Իրինա Բաղդասարյանն ասում է, որ փոքրիկների սուտ պատմությունները պետք չէ սուտ համարել: Նրա խոսքով` երեխան ոչ թե ստում է, այլ իր երևակայությամբ փորձում իրենից մեծերին ինչ-որ բան համոզել, երբեմն` հեքիաթներ պատմել:
4-ամյա Աշոտիկի մայրը պատմում է, որ իր տղան անընդհատ հորինում է չեղած բաներ:
«Երեկ խաղի ժամանակ ընկերոջն ասում էր, որ ինքը դպրոց է գնացել, դպրոցը գտնվում է այսինչ վայրում, իրեն դպրոց է տարել հայրը, ճանապարհին մեքենա են գնել և նմանատիպ շատ ուրիշ բաներ»,- պատմում է Աշոտի մայրը:
Հոգեբանը բացատրում է, որ երեխայի ուղեղը ժամանակի ընթացքում ավելի ճկուն է դառնում: Երբեմն նա, հասկանալով իր սխալի հետևանքները, սկսում է ստել, իրականությունը թաքցնել:
Հոգեբանը նշում է շատ օրինակներ, երբ ծնողները անհանգստանում են երեխայի ստի պատճառով:
«Եթե զգում եք, որ երեխան ստում է մեկ-երկու անգամ, պարզապես դեմքի ժպիտով, միմիկաներով ցույց տվեք, որ նկատեցիք դա, իսկ եթե կոպիտ ասեք, որ չպիտի ստի, չի կարելի, կամ նույնիսկ ծեծեք, համոզված եղեք, որ նա ավելի շատ կստի: Ոչ մի դեպքում պետք չէ պատժել երեխային, դարձեք պարզապես նրա ընկերը»,-խորհուրդ է տալիս հոգեբանը:
Անի Ասատրյան