Որպեսզի երեխան լինի առողջ և ուժեղ, հարկավոր է հետևել մանկաբույժների և դիետոլոգների առաջարկած ճաշացանկին` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները:
Օրինակ, եթե երեխան ուտում է տապակած, յուղոտ սնունդ մեկ տարեկան հասակում, դա անպայման կանդրադառնա նրա առողջության վրա` թե ներկայում, թե ապագայում:
Նախ` այս հասակում դեռ երեխայի մարսողական համակարգը կատարյալ չէ, երկրորդը` տապակած կոշտ սնունդը կարող է վնասել նրա նուրբ ստամոքսը: Մեկ տարեկան երեխային պետք է սահմանափակել նուրբ կերակրատեսակներով, մրգային և բանջարեղենային ապուրներով, շոգեխաշած փափուկ մսով: Ընդ որում, ապուրները կարող են լինել ինչպես ջրիկ, այնպես էլ պյուրեանման` պատրաստված մրգերով, բանջարեղենով, կաթով կամ էլ մսով:
Այս տարիքի երեխայի համար ամենաօգտակար կերակրատեսակներից է կաղամբով և կանաչ ոլոռով ապուրը:
Բաղադրությունը.
Ջուր-300 մլ
Ծաղկակաղամբ-200 գրամ
Թարմ կանաչ ոլոռ- 2 ճաշի գդալ
Գազար- 1 հատ
Գլուխ սոխ- 1 հատ
Ձիթապտղի յուղ (կամ մի փոքր սերուցքային կարագ)- 1 ճաշի գդալ
Կանաչեղեն (ցանկալի է` մաղադանոս)- 1 ճյուղ
Պատրաստման եղանակը.
Մաքրել և լավ լվանալ սոխը և գազարը, մեծ կտորներով կտրատել և լցնել եռացող ջրի մեջ և 15 րոպե եփել մարմանդ կրակի վրա: Ապա ավելացնել կանաչ ոլոռը, ծաղկակաղամբը և մի փոքր աղ: 5 րոպե եփելուց հետո ավելացնում ենք նաև կտրատված կանաչին, 1-2 րոպե եռացնելուց հետո վերցնում ենք կրակից:
Երբ ապուրը մի փոքր սառչի, այն հարկավոր է անցկացնել մաղով կամ հարել բլենդերով: Եվ ապուրը փոքրիկի համար պատրաստ է:
Բարի ախորժակ: