Նորածնի քաշի կորուստ. ինչու է դա տեղի ունենում և երբ անհանգստանալ

Նորածնի քաշի կորուստ

Շատ ծնողներ անհանգստանում են, երբ լսում են, որ նորածինն իր ծննդյան քաշը կորցնում է կյանքի առաջին օրերին։

Սակայն սա սովորական, ֆիզիոլոգիական երևույթ է, և այն չի նշանակում, որ երեխան առողջական խնդիր ունի։

Ինչո՞ւ է նորածինը քաշ կորցնում

Երեխայի ծնվելուց հետո նրա մարմինը սկսում է հարմարվել նոր՝ արտարգանդային միջավայրին։ Այս ընթացքում նորածինն արդեն չի ստանում հեղուկ մայրական օրգանիզմի միջոցով, և քաշի նվազումը պայմանավորված է մի քանի գործոններով՝

  • Մաշկի միջոցով ջրի գոլորշիացում

  • Շնչառության ժամանակ հեղուկի կորուստ

  • Մեզի և մեկոնիումի (առաջին կղանքի) արտազատում

Սա կարող է հանգեցնել մինչև 8-10% քաշի նվազման ծննդյան քաշից։

Ե՞րբ է քաշը վերականգնվում

Ճիշտ խնամքի և սնուցման պայմաններում նորածինը վերականգնում է իր ծննդյան քաշը կյանքի մոտավորապես 10-ից 14-րդ օրերի ընթացքում։ Մայրական կաթը՝ որպես հիմնական սնունդ, ապահովում է անհրաժեշտ սննդանյութերը քաշի բնականոն աճի համար։

Ե՞րբ անհանգստանալ

Եթե քաշի կորուստը գերազանցում է 10%-ը կամ եթե 2 շաբաթ անց երեխայի քաշը դեռ չի հասել ծննդյան քաշին, դա կարող է վկայել․

  • անբավարար սնուցման՝ կաթի պակասի կամ կրծքով կերակրման դժվարությունների մասին,

  • առողջական խնդրի կամ հիվանդության առկայության մասին։

Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել մանկաբույժին՝ լրացուցիչ հետազոտությունների կամ հնարավոր միջամտությունների համար։

Ինչպե՞ս կանխել քաշի զգալի կորուստը

  • Հաճախակի և ճիշտ կրծքով կերակրում՝ առաջին իսկ օրերից

  • Ջերմային հսկողություն՝ երեխայի մարմնի ջերմաստիճանի պահպանմամբ

  • Մշտական կապ մայրիկի և երեխայի միջև՝ "մաշկից մաշկ" շփման միջոցով

 


 

Հիշեք. Նորածնի քաշի փոքր կորուստը կյանքի առաջին օրերին բնական է։ Հիմնականը՝ ուշադիր լինել երեխայի ընդհանուր վիճակին և հետևել, որ նա հաճախ ու բավականաչափ սնվի։

Ձեր մանկաբույժն է ամենալավ խորհրդատուն այս փուլում։