Նորածնի հետ զբոսանքի կարելի է դուրս գալ արդեն նրա կյանքի երկրորդ շաբաթում:
Զբոսանքների տևողությունն սկզբում պետք է լինի առավելագույնը 10-15 րոպե, հետո աստիճանաբար կարող եք երկարացնել 5-10 րոպեով`հասցնելով 1-2 ժամի`կախված տարվա եղանակից և մայրիկի հնարավորություններից: Ընդ որում, զբոսանքի դուրս գալուց փոքրիկին պետք է ճիշտ հագցնել, որպեսզի տեղի չուենա ոչ գերսառեցում, ոչ էլ գերտաքացում:
Ե՞րբ սկսել զբոսանքները նորածնի հետ
Ինչպես վերևում նշվեց, փոքրիկի կյանքի երկրորդ շաբաթից արդեն կարող եք նրան զբոսանքի տանել, եթե, իհարկե, մայրիկի ինքնազգացողությունը դա թույլ է տալիս: Սակայն եթե դրսում ցուրտ եղանակ է, կարող եք մի փոքր հետաձգել զբոսանքների մեկնարկը: Իսկ 10-12 աստիճան ցրտի պարագայում փոքրիկին դուրս հանել խորհուրդ չի տրվում:
Ինչո՞ւ են հարկավոր ամենօրյա զբոսանքները
Փոքրիկին, ինչու չէ, նաև մայրիկին, մաքուր օդ է հարկավոր: Զբոսանքից հետո ախորժակը, նաև արյան շրջանառությունը լավանում են, քունն ավելի հանգիստ ու խորն է դառնում, բացի այդ, ջերմաստիճանի փոփոխությունը նպաստում է օրգանիզմի կոփմանը: Նաև արևի ճառագայթները հարկավոր են վիտամին D-ի արտադրության համար, ինչն էլ կանխում է ռախիտի առաջացումը փոքրիկների մոտ:
Օրական քանի՞ անգամ է հարկավոր զբոսանքի դուրս գալ
Դա նախ և առաջ կախված է եղանակից: Տաք եղանակին փոքրիկին կարող եք զբոսանքի հանել առավոտյան ու երեկոյան ժամերին`խուսափելով կեսօրվա ժամերի կիզիչ արևից: Ձմռանը նորածին փոքրիկի զբոսանքի ժամանակահատվածը չպետք է գերազանցի 1,5 ժամը: Ընդ որում, ավելի լավ է դուրս գալ 2-3 անգամ`30-40 րոպեով և օրվա համեմատաբար տաք ժամերին:
Ինչպե՞ս փոքրիկին ճիշտ հագցնել զբոսանքի գնալուց
Ցուրտ եղանակին նախ պետք է հագնվի մայրիկը, հետո միայն հագցնի փոքրիկին, որպեսզի հանկարծ փոքրիկը չքրտնի: Հիշեք, որ գերտաքացումը նույնքան վտանգավոր է, որքան գերսառեցումը, ուստի պետք չէ փոքրիկին չափից դուրս տաք հագցնել: Իսկ փողոցում ժամանակ առ ժամանակ սոտւգեք`հանկարծ փոքրիկի չքրտնի:
Փոքրիկին հագցնելիս առաջնորդվեք +1 կարգախոսով, այսինքն նրան հագցրեք ձեր հագածից մեկ շերտ ավել շոր: Սակայն ուշադիր եղեք, որ հանկարծ չմսերն փոքրիկի ձեռքերը, ոտքերը և գլուխը:
Փոքրիկը նաև զբոսանքի ժամանակ շարժվելու հնարավորություն պետք է ունենա, որպեսզի չսառչի: Իսկ թե որքանով է նրան հարմար, կարող եք հետևել նրա դեմքի գույնով`եթե կարմրել է, նշանակում է`շոգում է, եթե սփրթնել կամ կապտել է, նշանակում է, որ մրսում է:
Նյութն ըստ mama.ru կայքի