Արեգը լույս աշխարհ եկած օրից անկաշկանդ է իր շարժումներում, փոքրիկին մոր գիրկը տվեցին արդեն շորեր հագցրած, նա այդպես էլ չիմացավ թե ինչ է բարուրը: Հիմա էլ ընդվզում է անհարմար հագուստի դեմ: Արեգի մայրը չի հավատում, թե բարուրելով` ոտքերն ու ողնաշարը ուղիղ կզարգանան: Նա երեխային ազատությունից չի զրկում:
«Ես կարծում եմ, որ շարժումների մեջ այսպես ավելի ազատ է բալիկը, ինքը սթրեսային վիճակում կլինի, եթե իրեն կապեն»,-ասում է Արեգի մայրը:
Նորածնին ամուր բարուրելը ապահովում է նրա խաղաղ ու անուշ քունը, կառուցվածքը ճիշտ է ձևավորվում, երեխան էլ չի մրսում ` սրանք առասպելական պնդումներ են: Նորածնին բարուրելը միայն վնասում է փոքրիկին` ապացուցել են միջազգային մանկաբուժական կազմակերպությունները: Բարուրի մեջ նորածինը չի կարողանում շարժել ձեռքերն ու ոտքերը, հոդերի հյուսվածքներն էլ մասնակի են ձևավորվում: Հետևանքը` կոնքազդրային հոդի խախտում: Մանկաբույժ Աստղիկ Բաղդասարյանն ասում է, որ «երբ երեխայի ոտքերն իր ֆիզիոլոգիական դիրքից շեղում են և ուղղելով` բարուրի մեջ են դնում, հոդագլխիկը դուրս է գալիս հոդափոսից, հոդը սխալ է զարգանում, և դա կարող է կաղության հանգեցնել:
Մասնագետները համոզվել են, որ բարուրը վնասակար է, երբ համեմատել են աֆրիկյան ցեղերի և քաղաքակիրթ երկրների երեխաներին: Ի տարբերություն սպիտակամորթների, աֆրիկացիների մեջ կաղ մարդիկ ընդհանրապես չկային, նրանք ենթագիտակցորեն ճիշտ դիրք են ընտրում իրենց երեխաների համար:
«Այդ ցեղերը երեխաներին կենգուրուի նման պարկի մեջ են դնում ոտքերը բաց վիճակում, որը կոնքազդրային հոդի խախտման բուժման ձևերից է»,-ասում է Բաղդասարյանը:
Մասնագետը մայրերին խորհուրդ է տալիս այնպես հագցնել փոքրիկին, որ նա ազատ շարժի ոտքերը: Այդ շարժումների շնորհիվ նորածնի որովայնի մկանները ճիշտ են զարգանում, այդ հատվածում ցավեր չի ունենում, կերածն էլ լավ է մարսում:
Արմնյուզ TV
Բուժակ