Պատվաստումներ. ինչու՞ են պարտադիր պատվաստումները եւ ինչու՞ այս հարցում կան հակասական կարծիքներ

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

Ինչու՞ պատվաստումների մասին կան հակասական կարծիքներ

Պատվաստումների մասին բացասական կարծիքներն ապացուցված չեն, դրանք կենցաղային զրույցների մակարդակով են: Իհարկե, պատվաստանյութը ևս դեղ է և ունի իր որոշ բարդությունների հավանականությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել դրանից:

Դրանց տված օգուտը շատ ավելի մեծ է, քան  այն եզակի բարդությունները, որոնք, իհարկե, կարող են ճակատագրական լինել, բայց հրաժարվել պատվաստանյութից՝ մի քանի մասնավոր դեպք հիմք ընդունելով, բնականաբար սխալ է, որովհետև դրանով մենք փրկում ենք բազմաթիվ կյանքեր: Օրինակ, պոլիոմելիտի դեմ պատվաստումներ իրականացնելու դեպքում մենք կարողացանք ազատվել մի շատ բարդ հիվանդությունից, որը բերում է բարձր ինվալիտիզացիա: Սև ծաղիկ հիվանդություն կար, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, և պատվաստանյութը ստեղծելուց հետո այդ հիվանդությունը նույնիսկ վերացավ երկրագնդի վրայից: Դիֆթերիան մեծ մահացություն ունեցող հիվանդություն է, և դրա դեմ ճիշտ ժամանակին պատվաստում իրականացնելու դեպքում խնդիր չի լինի: Նույնը վերաբերում է նաև ծննդատան պայմաններում արվող պատվաստումներին: Օրինակ, մենք անում ենք տուբերկուլյոզի դեմ վակցինա, որի անհրաժեշտությունը որեւէ մեկը չի կարող ժխտել: Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, որ հեպատիտ B-ով նորածինները կամ փոքր հասակի երեխաները չեն հիվանդանում, դրա համար կարելի է չանել: Բայց ոչ ոք չգիտի, թե վաղն ինքն ինչ պայմաններում է հայտնվելու, և հրաժարվել դրանից շատ սխալ է:

Մարդկանց մեջ թյուր կարծիք կա, որ բարդություններ են լինում: Ես տարեկան մոտ 3500 երեխա եմ պատվաստում ու չեմ տեսել, որ պատվաստումից կոնկրետ բարդություն լինի: Կարող է տեղային բարդություններ լինեն, սրսկման տեղը թարախակալվի, բայց դրանք վակցինայի հետ կապված բարդություններ չեն: Դրանք եզակի դեպքեր են, երկու-երեք տարվա մեջ մեկ դեպք կարող է լինել, որը հիմք չի կարող հանդիսանալ՝ վակցինայից հրաժարվելու:

Կարելի՞ է պատվաստումն անել ուշացումով

Պատվաստանյութեր կան, որոնք կարելի է հիվանդության պատճառով ուշացնել: Պատվաստանյութեր էլ կան (օրինակ՝ հեպատիտ B-ն), որոնք առաջին օրվա ընթացքում եթե չի արվում, հետագայում դրա անելն անիմաստ է, քանի որ էֆեկտիվություն չի ունենա այնքան, որքան լինում է առաջին օրվա ընթացքում կատարելու դեպքում:

Ո՞ր դեպքում չի կարելի փոքրիկին պատվաստել

Երբ երեխան ծնվում է հիվանդ կամ հիվանդություններ ունի և բուժումներ է ստանում, համարվում է, որ պատվաստում չի կարելի անել, որովհետև իմունիտետի հետ կապված խնդիրներ կան: Ցանկալի է անել, երբ  երեխան այդ վիճակից դուրս է եկել, բայց ոչ հեպատիտ B-ի վակցինայի դեպքում:

Ի՞նչ պետք է անել, եթե փոքրիկը ջերմում է պատվաստումից հետո

Պետք է դիմել բժշկի, նրա խորհրդով միջամտություն կատարել: Պատվաստումներից հետո լինում են ջերմային ռեակցիաներ, բայց դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Պետք է ուղղակի պատրաստ լինել և հակաջերմային միջոցներ ձեռնարկել: