Ո՞ր դեպքում և ի՞նչ հաճախականությամբ պետք է փսխի նորածինը, ինչպե՞ս կանխել և ե՞րբ մտահոգվել

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

Ո՞ր դեպքում և ի՞նչ հաճախականությամբ պետք է փսխի փոքրիկը:

 Փսխումները նորածինների մոտ համարվում են բնական, քանի որ նորածնի մոտ ստամոքսի և կերակրափողի մկանային և նյարդային համակարգը դեռևս լրիվ ձևավորված չէ:

Յուրաքանչյուր կերակրման ժամանակ երեխան կաթի հետ օդ է կուլ տալիս, որն էլ պատճառ է հանդիսանում փսխումների համար: Ստամոքսից օդի դուրս գալը միաժամանակ ուղեկցվում է նաև կաթի դուրս բերմամբ:

Ե՞րբ պետք է մտահոգվել:

Փսխումները համարվում են խնդիր, երբ դրանք` 

• շատրվանանման են և մեծ ծավալով, 

• ունեն պաթոլոգիական պարունակություն (օրինակ` լեղու պարունակություն), 

• ուղեկցվում են երեխայի քաշի կորստով կամ չավելացմամբ:

• երեխայի մոտ ուղեկցվում են անհանգստությամբ, լացով և յուրաքանչյուր կերակրման ժամանակ երեխան ունենում է հազ և շնչահեղձություն:

 Գույնից կարելի՞ էենթադրություններ անել:

Եթե բացի կաթից կա այլ պարունակություն` լեղի, աղիքային պարունակություն, որը կխոսի աղիքային անանցանելիության մասին, այդ դեպքում կարող է լինել նաև գույնի փոփոխություն:

Ինչպե՞ս կարելի է կանխել հաճախակի փսխումները:

Հաճախակի փսխումները, մի շարք կանոնների հետևելով, կարելի է որոշ չափով պակասեցնել կամ ծավալները քչացնել: Կերակրումներից հետո անհրաժեշտ է 10-15 րոպե երեխային գրկել ուղղահայաց դիրքով`  անկախ նրանից ուտելուց հետո երեխան արթուն է, թե քնած: Այդ դիրքով պահելիս երեխան գղտում է, և ավելորդ օդը դուրս է գալիս, ինչը նվազեցնում է փսխումները:

Կերակրելուց հետո պետք է սահմանափակել շարժումները, որպեսզի երեխան փսխումներ չունենա: Ցանկալի է երեխային պառկեցնել կողքի վրա, որպեսզի փսխման զանգվածը դուրս գա և շնչուղիներ չանցնի:

Փսխումները կարո՞ղ են որևէ խնդրի ահազանգ լինել:

Փսխումից հետո,  երբ երեխայի մոտ նկատվում է շնչառության կանգ, գույնի փոփոխություն, այսինքն պաթոլոգիական պարունակությամբ փսխումներ, ապա սրանք ահազանգ են, որպեսզի անմիջապես դիմեն բժշկի: