Երբ երեխան ծնվում է, նա հայտնվում է նոր, անծանոթ միջավայրում։ Այդ պահը ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հուզական խորը փորձառություն է և՛ երեխայի, և՛ մոր համար։
Հենց այդ պատճառով ծննդաբերությունից հետո առաջին ժամվա ընթացքում մաշկը մաշկին շփումը՝ այսինքն՝ երեխային մոր կրծքին դնելը, համարվում է «ոսկե ժամ»։
Ի՞նչ է «ոսկե ժամը»
«Ոսկե ժամ» է կոչվում այն միակ և անփոխարինելի ժամը, որը հաջորդում է երեխայի ծնվելուն։ Այս ընթացքում խորհուրդ է տրվում նորածինին անմիջապես դնել մոր կրծքին:
Ի՞նչ օգուտներ ունի այս շփումը
1. Երեխայի առողջության կայունացում
Մոր մարմինը բնական ինկուբատորի դեր է կատարում։ Երեխայի ջերմաստիճանը, շնչառությունը և սրտի բաբախյունը կարգավորվում են, երբ նա դրվում է մոր մարմնի վրա։ Անմիջապես մաշկ-մաշկի շփումը օգնում է կարգավորել նորածնի մարմնի ջերմաստիճանը և մոր մաշկից օգտակար բակտերիաներ վերցնել: Այս բակտերիաները երեխաներին պաշտպանում են վարակիչ հիվանդություններից և օգնում են ձևավորել սեփական իմունային համակարգը: Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների շնչառական խնդիրների, ցրտահարության կամ արյան շաքարի անկման հավանականությունը նվազում է մաշկը մաշկին շփման շնորհիվ։
2. Կրծքով կերակրման հաջող մեկնարկ
Երեխան, գտնվելով մոր կրծքին, բնազդով սկսում է փնտրել մայրական կուրծքը։ Այս պահին կրծքով կերակրումը սկսելու հնարավորությունը շատ մեծ է։ Վաղ կաթը՝ կոլոստրումը, հարուստ է հակամարմիններով և կենսական նշանակություն ունի երեխայի իմունիտետի ձևավորման համար։
3. Մոր և երեխայի միջև կապի ամրապնդում
Այս առաջին հուզական շփումը ուժեղացնում է մայրական զգացողությունը և վստահությունը։ Օքսիտոցին հորմոնը՝ որը ակտիվանում է շփման ժամանակ, խթանում է սերը, կապը և մայրական բնազդները։
4. Մոր առողջության վրա դրական ազդեցություն
Շփման ընթացքում մոր օրգանիզմում բարձրանում է օքսիտոցինի մակարդակը, ինչը նպաստում է արգանդի կծկումներին և արյունահոսության նվազմանը։ Սա արագացնում է վերականգնման գործընթացը։
5. Ավելի հանգիստ երեխա
Մոր սրտի ձայնը, շնչառությունը և մարմնի ջերմությունը նորածնի համար արդեն ծանոթ և անվտանգ ազդակներ են։ Դրանք օգնում են նրան հաղթահարել ծննդաբերության սթրեսը, հանգստանալ և հարմարվել նոր միջավայրին։
Եզրակացություն
Ծննդաբերությունից հետո առաջին ժամն ամենահասարակ, բայց ամենաազդեցիկ քայլերից մեկն է՝ երեխային պարզապես դնել մոր կրծքին։ Դա ոչ միայն բժշկական նշանակություն ունի, այլև հոգեբանական, հուզական և սիրո դրսևորման կարևոր քայլ է։ Ամուր հիմք է դրվում մայրության և երեխայի միջև ողջ կյանքի կապի համար։