Կերակրող մոր սննդի ռեժիմը ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում երեխայի ծնվելուց հետո: Չպետք է մոռանալ, որ օրվա ընթացքում մայրը երեխային տալիս է մոտ մեկ լիտր կաթ, որի սննդային արժեքակայունությունը կազմում է 700 փոքր կալորիա:
Հետևաբար, պետք է հոգ տանել, որ նա օրվա ընթացքում ստանա մոտ 1000 կալորիա հավելյալ էներգիա:
Կերակրող մոր սննդի հիմնական բաղադրամասերի քանակը օրվա ընթացքում պետք է այսպիսին լինի. Սպիտակուցներ` 130գրամ, ճարպեր` 130գրամ և ածխաջրատներ` 500գրամ: Այս բանին հասնելու համար խորհուրդ ենք տալիս, որ կերակրող մայրը օրվա ընթացքում օգտագործի 180-200գրամ միս, 50գրամ կաթնաշոռ, 30գրամ պանիր, 45-50գրամ յուղ, 800գրամ բանջարեղեն, 1-2 ձու: Սննդի հիմնական բաղադրամասերը և վիտամինները մայրը ստանում է մսի, կաթի, բանջարեղենի, պտուղների, ձվի և այլ մթերքների միջոցով: Առանձնապես խորհուրդ է տրվում, որ մայրը օրվա ընթացքում օգտագործի շուրջ երկու լիտր հեղուկ: Կովի կաթի բաժինը հեղուկի ընդհանուր ծավալի մեջ մոտավորապես պետք է կազմի 25 տոկոս /500մլ/: Երբեմն կերակրող մայրերը տարվում են կովի կաթով և ավելի մեծ քանակությամբ օգտագործում: Կովի կաթը, անտարակուսելիորեն, մեծ սննդային արժեք ունի, բայց չպետք է մոռանալ, որ այն նվազեցնում է ախորժակը, մի բան, որ ցանկալի չէ կերակրող մոր համար: Սննդային օրաբաժնի մեջ հացի քանակը 500 գրամից չպետք է անցնի: Կերակրող մոր վիտամինային պահանջը սովորականից որոշակիորեն բարձր է:
Այն դեպքերում, երբ հնարավոր չէ մորը ապահովել վիտամիններով հարուստ սննդով, նշանակում են վիտամինային բնական կամ սինթետիկ դեղամիջոցներ:
Նախկինում տիրող այն կարծիքը, որ իբր թե ոգելից խմիչքները խթանում են կրծքագեղձերի կաթ արտադրելու գործունեությունը, ներկայումս սխալ և վնասակար է համարվում ոչ միայն մոր օրգանիզմի, այլ նաև մանկան համար:
Հետազոտությունները բերել են այն համոզման, որ եթե մայրը օգտագործում է սոխ, սխտոր և այլ կծու համ ունեցող սննդատեսակներ, ապա նրանք մասամբ հեռանում են կաթի հետ, նրան տալով անդուրեկան, տհաճ համ: Սրա հետևանքով երեխան երբեմն հրաժարվում է կուրծք ուտելուց:
Տես նաև նյութի առաջին մասը`
Հղի կնոջ և կերակրող մոր սննդային ռեժիմի մասին /մաս 1-ին/
Ներկայացրեց Անի Ասատրյանը