Լույս աշխարհ եկող մանկան նորմալ զարգացման մասին պետք է մտածել դեռևս այն ժամանակ, երբ սաղմն ու պտուղը գտնվում են արգանդի խոռոչում:
Հղի կնոջից պահանջվում է, որ նա կատարի բոլոր հիգիենիկ կանոնները, սննդի ու հագուստի ռեժիմը և, իհարկե, ճիշտ կերպով կերակրվի: Երբեմն հղիության տոքսիկոզներից խուսափելու համար սահմանափակում են կնոջ սննդային բաղադրամասերից սպիտակուցը:
Բայց առանց վարանելու կարելի է ասել, որ այդ միջոցառումը հղի կնոջն օգնելով հանդերձ, լուրջ վտանգ է ներկայացնում պտղի ներարգանդային ճիշտ զարգացմանը:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այսպիսի սահմանափակումների հետևանքով մանուկները ծնվում են բնածին թուլակազմությամբ, որը էականորեն խանգարում է մանկան նորմալ ֆիզիկական ու մտավոր աճին, հետևաբար, գցում մանկան օրգանիզմի իմունո-բիոլոգիական ուժերը և նրա դիմադրողականությունը էկզոգեն ու էնդոգեն վարակի նկատմամբ:
Սոված ռեժիմ ունեցող կանանց օրգանիզմում առաջանում են կենտրոնական նյարդային համակարգության, սիրտ-անոթային, նյութափոխանակության խանգարումներ, որոնք հասցնում են արգանդա-պլացենտային շրջանառության խախտումներին, որի հետևանքով երեխան ծնվում է թուլակազմ, հիպոքսիկ վիճակում:
Ապացուցված է, որ նույնիսկ հղիության թեթև տոքսիկոզի ժամանակ, երբ սննդային օրաբաժնի մեջ նվազեցվում է սպիտակուցի քանակը, պլացենտան ավելի նվազ քանակով թթվածին է կլանում, քան նորմալ հղիության ընթացքում: Այս դեպքում ներարգանդային պտղի զարգացման համար ստեղծվում են ոչ նպաստավոր պայմաններ , որոնց ժամանակ պտղի մոտ առաջանում են սպիտակուցային և թթվածնային քաղցի երևույթներ: Վերջիններս անշուշտ, հասցնում են պտղի կենտրոնային ներվային համակարգության ֆունկցիայի և հարմարվողական մեխանիզմների ընկճմանը:
Ինչպես երևում է շարադրվածից, պտղի ներարգանդային զարգացման համար կարևոր նշանակություն է ձեռք բերում հղի կնոջ ճիշտ և ռացիոնալ կերակրումը, ինչպես նաև հիգենիայի կանոնների անթերի կատարումը:
Ելնելով դրանից հղի կնոջ սննդային օրաբաժինը պետք է պարունակի 100-130 գրամ սպիտակուց, 100 գրամ ճարպ, 400-500 գրամ ածխաջրատներ և բավարար քանակությամբ վիտամիններ:
Ներկայացրեց Անի Ասատրյանը