Համակարգիչը, ինչպես նաև մյուս էլեկտրական սարքավորումները՝ հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, բջջային հեռախոսը և այլն, ստեղծում են էլեկտրամագնիսական ճառագայթում:
Սակայն այն կարծիքը, որ այս ամենի՝ մասնավորապես համակարգչի օգտագործումը հղիության ընթացքում չի կարելի, ապացուցված չէ:
Իհարկե, հղիներին համակարգչից օգտվելը հակացուցված չէ, բայց կա վիճակագրություն, ըստ որի` ավելի շատ խնդիրներ են առաջանում այն հղիների մոտ, ովքեր աշխատում են համակարգչով:
Կարո՞ղ է համակարգչային ճառագայթումը բացասաբար ազդել պտղի վրա
Մինչև օրս նման ազդեցություն ապացուցված չէ: Ժամանակակից մոնիտորները ռադիոակտիվ ճառագայթի աղբյուր չեն հանդիսանում, որը կարող է վտանգավոր լինել պտղի համար: Այնուամենայնիվ, վիճակագրություններից ելնելով՝ հղի կանանց խորհուրդ է տրվում ավելի քիչ նստել համակարգչի դիմաց: Երբ կինը, աշխատանքի բնույթից ելնելով, հղիության ընթացքում ստիպված է երկար ժամանակ մնալ համակարգչի առջև, կարող է բախվել մի շարք խնդիրների:
Երկար ժամանակ նույն դիրքով մնալը կարող է առաջացնել մկանային հոգնածություն, կարող է խանգարվել արյան հոսքը դեպի ներքին օրգաններ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել պտղի հիպօքսիայի: Երկար ժամանակ համակարգչով աշխատելը կարող է նաև սթրեսի պատճառ դառնալ և բացասաբար ազդել հղի կնոջ հոգեբանական ներդաշնակության վրա: Բացի այդ, կարող է առաջացնել թութք, ողնաշարային ցավեր և այլն:
Որքա՞ն ժամանակ է կարելի նստել համակարգչի առջև հղիության ընթացքում
Հղի կանանց խորհուրդ է տրվում զբաղվել համակարգչով ոչ ավելի, քան 2 ժամ՝ ամեն կես ժամը մեկ ընդմիջելով 10 րոպե: Այդպիսի ընդմիջումները վերականգնում են արյան շրջանառությունը և հանգստացնում են աչքերը:
Աղբյուրը՝ mama.ru