Հայաստանում կանայք չեն կարողանում մայրանալ գումար չունենալու պատճառով

11տարի է, ինչ Լիլիթն  ամուսնացած է, բայց երեխա չի ունենում: Ամուսնու հետ բազմաթիվ բուժման կուրսեր անցնելուց հետո որոշել էին արհեստական բեղմնավորում անել,ինչը եւս  չհաջողվեց:

«Որոշ  բժիշկների անփույթ և ոչ մասնագիտական բուժման պատճառով վարակվեցի կանացի սեռական օրգանների տուբերկուլյոզով, երկար ժամանակ ու մեծ գումարներ ծախսեցինք այդ հիվանդությունը բուժելու համար: Ծախսված գումարների թիվն ու հաշիվն արդեն մոռացել ենք, արդյունքում` նույն հին տաշտակն է ու անպտուղ կարգավիճակը »,-պատմում է հուսահատ Լիլիթը:

Մեր երկրում վիճակագրությամբ հնարավոր չէ ստույգ որոշել անպտղությամբ տառապողների թիվը, քանի որ նրանցից քչերն են, որ դիմում են մասնագետի օգնությանն ու խորհրդատվությանը:

«Անպտղությամբ տառապողներից քչերն են որոշում բուժման կուրս անցնել կամ դիմել արտամարմնային բեղմնավորման: Պատճառը հիմնականում ֆինանսն է»,- ասում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի լաբորատորիայի վարիչ, անդրոլոգ-էմբրիոլոգ Վահե Միլիտոնյանը:

Նրա խոսքով` արտամարմնային բեղմնավորում անելու համար պետք է 500.000 դրամ, չհաշված դեղորայքը:

«Եվրոպական երկրներում պետությունը ֆինանսապես հովանավորում է զույգին կատարել արտամարմնային բեղմնավորման մի քանի փորձ: Հոլանդիայում յուրաքանչյուր զույգին տրվում է 5 այդպիսի հնարավորություն, իսկ Հայաստանում, ինչպես գիտենք, պետությունը նման կարգի հովանավորություններ չի կատարում»,-ասում է բժիշկը:

Անպտղության պատճառները, ըստ մասնագետի, կարող են լինել` սթրեսի գործոնը, սոցիալական պայմանները, էկոլոգիան, թունաքիմիկատների հետ հաճախակի շփումը, պղնձամոլիբդենային գործարանների առկայությունը. սրանցից յուրաքանչյուրն ունի իր ազդեցությունը տղամարդու սերմի որակի վրա:

«Մոտ տասը տարի առաջ անպտղության խնդրի 30 տոկոսը տղամարդու մոտ էր, 70-ը` կնոջ: Այսօր կարելի է ասել` 50-50, նույնիսկ ավելին` 60 տոկոսը տղամարդու մոտ»,-ասում է  Միլիտոնյանը:

Լուսինեն նույնպես տառապում է անպտղությամբ. արդեն   13 տարի ապրում է ամուսնական կյանքով, բայց այդպես էլ չի հղիանում:

«Ամուսնությունից երկու տարի հետո սկսեցի անհանգստանալ չհղիանալուս համար: Որոշեցի դիմել մասնագետի: Ամուսինս ընդդիմացավ` չցանկանալով հետազոտվել: Երկար համառելուց հետո նա ևս հետազոտվեց»,-պատմում է Լուսինեն:

Մասնագետները Լուսինեին և նրա ամուսնուն հավաստիացնում են, որ ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չկա, սակայն այդպես էլ նրանք մինչև օրս երեխա չունեն:

«Մի բժշկի մոտից մյուսի մոտ ենք գնում` մտածելով, որ նախորդ հետազոտությունների արդյունքներն են սխալ, սակայն անօգուտ: Հիվանդանոցներից տուն չենք գնում, աշխատած գումարն էլ հիվանդանոցներում ենք ծախսում.. Գոնե արդյունքը տեսնեինք»,-սրտնեղած շարունակում է Լուսինեն:

Բժիշկ Միլիտոնյանը բացատրում է, որ  բուժում անցնելուց հետո հնարավոր չէ չհղիանալ: Անարդյունավետ  կարող է լինել միայն սխալ հետազոտության հետևանքով, կամ այսպես կոչված անհայտ անպտղության /շատ տարածված է/ արդյունքում, երբ ցուցվում է արտամարմնային բեղմնավորումը:

 

Անի Ասատրյան