Երեխայի ծննդից հետո կինը միառժամանակ դադարում է իրենը լինել: Կյանքի յուրաքանչյուր րոպեն նա նվիրում է որքան սիրելի, այդքան էլ պահանջկոտ մանկիկին: Կերակրել-քուն-զբոսանք եւ նորից կերակրել. այս ամենն արվում է շուրջօրյա՝ առանց հանգստյան եւ տոնական օրերի:
Անկախ զբաղվածությունից, յուրաքանչյուր նորաթուխ մայրիկ կարիք ունի գինեկոլոգի պարբերաբար հետազոտման:
Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում ծննդաբերությունից հետո, ի՞նչ հաճախականությամբ կինը պետք է հետազոտվի. հարցերին պատասխանում է բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Պանովան:
Անհրաժե՞շտ է, արդյոք, որ երեխայի ծննդից հետո կինn այցելի գինեկոլոգի
Այո, իհարկե: Բժիշկը պետք է հետազոտի կնոջը, գնահատի՝ ինչպես է ընթանում արգանդի կրճատումը, չկա՞ն, արդյոք, հետծննդյան բարդություններ: Դա սովորական պրակտիկա է: Կինը պետք է այցելի գինեկոլոգին նորմալ ծննդաբերության դեպքում 6-8 շաբաթ հետո, իսկ կեսարյան հատման դեպքում՝ հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի օր հետո:
Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի կինը ծննդաբերությունից հետո՝ հերթական ստուգման ժամանակ
Ի պատասխան գանգատների և ինքնազգացողության մասին հարցերի, բժիշկը պարտադիր զննություն է անցկացնում՝ կնոջը նստեցնելով գինեկոլոգիական աթոռին:
Բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ կարող են լինել փափուկ հյուսվածքների պատռվածքներ. բժիշկը գնահատում է հյուսվածքների վիճակը: Ինչպես նաեւ գինեկոլոգը զննում ու գնահատում է հեշտոցի եւ արգանդի վզիկի վիճակը, վերցնում համապատասխան անալիզներ:
Որոշ կլինիկաներում գինեկոլոգներն անցկացնում են սեռական օրգանների ուլտրաձայնային հետազոտություններ: Դա թույլ է տալիս առավել հստակ գնահատել առողջական վիճակը եւ հետագա զննությունների համար կնոջը հարմար գրաֆիկ առաջարկել:
Հետագա բարդություններից խուսափելու համար, ինչպիսիք են՝ լակտոստազը կամ մաստիտը, բժիշկները պարտադիր են համարում կրծքագեղձի զննումը եւ կերակրման ժամանակ կրծքի խնամքի հետ կապված խորհրդատվությունը:
Կեսարյան հատումից հետո բժիշկը զննում է նաեւ հետվիրահատական հետքն ու տալիս անհրաժեշտ խորհուրդներ խնամքի համար:
Շարունակելի
Նյութի աղբյուրը՝ mama.ru