Ինչպիսի՞ դեղամիջոցներ կարող է ընդունել կրծքով կերակրող մայրիկը

Ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Աննա Մխիթարյանը։

Կրծքով կերակրող մայրիկներին մշտապես հետաքրքրում է՝ ո՞ր դեղերն են, ի վերջո, թույլատրելի կրծքով կերակրման շրջանում, արդյո՞ք այս կամ այն դեղը չի անցնի կաթի մեջ և վնասի բալիկին։

Պետք է, նախ, հաշվի առնել, որ յուրաքանչյուր դեղի ներդիր թերթիկում առանձին կետով նշվում է, եթե այն պետք է զգուշորեն կիրառել կրծքով կերակրման ժամանակ կամ առհասարակ արգելում է։ Որոշ դեղորայքային միջոցներ ներթափանցում ենք կրծքի կաթ, բայց, այդուհանդերձ, կան դեղեր, որոնք կարող են թույլատրվել մասնագետի կողմից։ Դրանք են՝

✓ որոշ հակաբիոտիկներ (հաճախ նշանակվողներն են «Ամոքսացիլինը», «Ամոքսիկլավը», «Ազիտրոմիցինը», «Կլարիտրոմիցինը», «Ցեֆուռոքսիմը»)

✓ ասթմայի համար կիրառվող բրոնխալայնիչներ

✓ վիտամիններ (միայն հստակ նշանակված դոզաներով, ոչ թե ինքնուրույն)

✓ ցավազրկողներ («Պարացետամոլ», «Իբուպրոֆեն»)

✓ մրսածության և կոկորդի ցավի դեպքում ծծելու պաստելներ («Ստրեպսիլս»), փչելու հակասեպտիկներ, հակավիրուսայիններ («Տամիֆլու»)

Սա, բնականաբար, չի նշանակում, որ պետք է շտապել դեղատուն և գնել ցանկացածը, խմել։ Անհրաժեշտ է նախքան դեղն ընդունելը կապ հաստատել մանկաբույժի հետ, գնահատել իրավիճակը։ Անգամ հակադեպրեսանտները հակացուցված չեն, սակայն հստակ դոզավորմամբ են օգտագործվում և բժշկի խիստ ցուցմամբ։ Անհաս ծնված երեխաների դեպքում պարտադիր է մասնագետի հետ զրուցելը, որովհետև դեղերը կարող են լուրջ վնասակար ազդեցություն ունենալ բալիկի վրա։ Կրծքով կերակրող մայրիկի համար արգելված դեղեր են կոդեին պարունակող դեղերը («Կոդելակ», «Սոլպադեին»), անոթասեղմիչները (քթի որոշ կաթիլներ), «Ասպիրինը» (որպես ցավազրկող), հարկավոր է զգուշանալ բուսական միջոցներից (հոմեոպաթիկ), հակաալերգիկներից (հակահիստամինային)։

 

Աղբյուր՝ Աննա Մխիթարյանի ինստագրամյան էջ