Կերակրող մայրերի կրծքերի խնամքը. մասնագետի խորհուրդները

Շատ կերակրող մայրեր դեմ են առնում պտուկների ճաքելու խնդրին, որը բավականին ցավոտ երևույթ է:

Խնդրից խուսափելու համար  մանկաբարձ Սիրանուշ Պողոսյանը խորհուրդ է տալիս կերակրող մայրերին  ուշադրիր հետևել, որ կերակրելիս  երեխայի դիրքը ճիշտ լինի և կուրծք ուտելիս փոքրիկը բռնի ոչ թե պտուկը, այլ պտուկի շրջակա օղակը: Պետք է ուշադիր լինել, որ երեխան բերանը լայն բացի, որպեսզի ներքևի շուրթը չծալվի:

Ըստ Պողոսյանի` պտուկների ճաքելու պատճառ կարող են լինել նաև                                            հաճախակի լվացումները, հատկապես օճառով. այդպիսով  հեռացվում է պտուկների և հարպտկային մաշկի բնական ճարպը, իսկ  չոր մաշկն ավելի հեշտությանբ է վնասվում և ճաքճքում:

«Հարկավոր է հետևել, որ պտուկները կերակրելուց հետո թաց չմնան,-խորհուրդ է տալիս մասնագետը: -Կրծկալը կոճկելուց առաջ փափուկ կտորով պետք է զգուշորեն չորացնել կուրծքը: Անհրաժեշտ է պտուկները չորացնել բաց օդում` արևի տակ, կամ էլեկտրական վարսահարդարիչով»:

Սիրանուշ Պողոսյանը պտուկների ճիշտ խնամքի համար մի քանի խորհուրդներ է տալիս.

  • Կերակրելուց առաջ մի փոքր կաթ կթել, որպեսզի կրծքերը փափկեն, և երեխան կարողանա կրծքի մոտ հարմար դիրք գրավել:
  • Կերակրելուց անմիջապես առաջ կրծքին զգուշորեն սառուց դնել:
  • Երեխային բռնելու որևէ բան առաջարկելու համար պտուկների վրադիրներ օգտագործել: Սակայն հենց կաթը սկսի հոսել, հեռացնել վրադիրը, որպեսզի երեխան չընտելանա: Վրադիրով կերակրելը մեծ լարում է պահանջում և անարդյունավետ է:
  • Յուրաքանչյուր կերակրելուց հետո վրադիրը ախտահանել:
  • Չոր մաշկ ունեցող կանանց պտուկները կարող են ճաքճքել նունիսկ այն ժամանակ, երբ երեխան ճիշտ է ծծում կուրծքը: Խորհուրդ չի տրվում օգտագործել քսուքներ, յուղեր: Կարելի է օգտագործել լանոլին:
  • Եթե երեխայի բերանի լորձաթաղանթը ախտահարված է կաթնախտով, կարող են վարակվել նաև մոր պտուկները: Կաթնախտի հարուցիչները` սնկերը, երեխայի բերանում առաջացնում են սպիտակ փոքրիկ կետիկներ, որոնք հեշտությամբ չեն մաքրվում: Այդ դեպքում և’ մայրը, և’ երեխան կարիք ունեն բուժման:
  • Վնասվելու ավելի հազվադեպ պատճառ են ալերգիկ մաշկաբորբերը, որոնք կարող են առաջանալ օճառի, քսուքների, կրծկալի գործվածքի նկատմամբ գերզգայունության հետևանքով:

Եթե նշված խորհուրդները կիրառելուց հետո էլ պտուկները չեն բուժվում, պետք է դիմել մասնագետի: Նա կստուգի` արդյոք երեխան ճիշտ է ծծում կուրծքը, կօգնի գտնել կերակրելու ճիշտ եղանակը, եթե անհրաժեշտ է`կնշանակի բուժում սնկային ախտահարման դեմ:

 

 

Լիանա  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Թեմայի մասին տես նաև`

Կրծքով կերակրման դեպքում հանդիպող սխալները և դրանց հետևանքները

Կրծքով կերակրելու առավելությունները մայրիկի համար

Ինչպես կրծքով ճիշտ կերակրել. մանկաբույժի խորհուրդները