Sidebar

«Երեխաս հրաժարվում է մյուս կրծքից. վտանգավո՞ր է, արդյոք, իմ օրգանիզմի համար». «Իմ Փոքրիկ»-ին ուղղված այս ու մյուս հարցերի պատասխանները

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 6-րդ խմբաքանակին:

 

Անուն: Լիլիթ

Հարց: Բարև ձեզ,  բժիշկ, երեխաս 4 ամսական է, ծնվել է առողջ, մոտ 1 ամիս է` նկատել եմ, որ լեզուն բերանի մեջ ծամում է, պտտում է բերանի մեջ: Նա արհեստական կաթ է ուտում, բայց առանձին ծծակ չի օգտագործում: Ինչի՞ հետեւանք է դա:

Պատասխան: Ընդհանուր առմամբ նման սիմպտոմատիկան ուշադրության արժանի է՝ նևրոլոգիական կամ գենետիկ հիվանդությունները ժխտելու առումով: Քիչ հավանական է, որ երեխայի մոտ որևէ հիվանդություն հայտնաբերվի, բայց ապահովության համար խորհուրդ է տրվում դիմել մանկական նյարդաբանի:

Անուն: Մալվինա

Հարց: Բարև ձեզ, երեխաս 6 տարեկան է, դեմքի վրա սպիտակ, չոր, փոքրիկ գնդիկներ են առաջացել: Շատ եմ խնդրում, մի խորհուրդ տվեք: Շնորհակալություն

Պատասխան: Դժվար է պատկերացնել, թե ինչ բնույթ են կրում այդ սպիտակ գնդիկները, այնուամենայնիվ խորհուրդ կտամ հետազոտվել՝ ստամոքսաղիքային համակարգի ախտաբանական վիճակները ժխտելու համար:

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս 2 ամսական, 10 օրական է, մինչև այժմ ջուր չեմ տվել, միայն առավոտյան մեկ գդալ ջրին մեկ կաթիլ վիտամին D եմ ավելացնում ու տալիս, քանի որ ինստրուկցիայում այդպես է նշված: Մայրս և սկեսուրս պնդում են, որ ջուր տամ փոքրիկիս, այլապես կջրազրկվի: Չգիտեմ՝ ինչ անեմ, կաթս էլ քաղցր է, ասում են՝ կջրազրկվի: Խորհուրդ տվեք, խնդրում եմ, թե ինչպես վարվեմ: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Թեստը շատ հասարակ է. եռացրած գոլ ջուրը մաքուր գդալով մոտեցնում եք երեխայի շուրթերին, ջրի պահանջ ունեցող երեխան անմիջապես սկսում է խմել, իսկ եթե թքում և հետ է հրում, ուրեմն նա ջրի կարիք չունի:

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ,  փոքրիկս 1 տարեկան է, կերակրում եմ կրծքի կաթով: Մինչև 8 ամսական ուտում էր երկու կրծքից, իսկ հետո հրաժարվեց մեկից: Արդեն չորս ամիս է,  ինչ ուտում է միայն մի կրծքից: Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք դա նորմալ է, հետագայում բարդացումներ չե՞ն լինի:  Ավելացնեմ  նաև, որ 4 տարի առաջ առաջնեկս նույն կերպ հրաժարվեց մի կրծքիցս: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Այն կուրծքը, որով չեք կերակրում երեխային, պետք է կթել և լրացուցիչ շշով կերակրել,  հակառակ դեպքում վտանգ կա, որը կուրծքը կգերլցվի, եւ մաստիտ կառաջանա:

Շարունակելի