Փոքրիկների ուտեստների բաղադրատոմսերում հաճախ կաթը նշում են որպես անհրաժեշտ բաղադրիչ։ Այստեղ մայրիկների մոտ ծագում է հարց՝ ո՞ր կաթը նկատի ունեն բաղադրատոմսն առաջարկողները և ինչպե՞ս է պետք այն օգտագործել։
«Իմ փոքրիկ»-ը պարզաբանել է հարցը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սոնա Եգանյանի օգնությամբ։
6-12 ամսականների ուտեստների մեջ կարելի է կիրառել մայրիկի կրծքի կաթը, կխ (կաթնախառնուրդ) կամ փոքր քանակությամբ խանութի պաստերիզացված կաթ (եռացնելու հանգամանքը շատ կարևոր է)։ Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ պաստերիզացվածը տվյալ տարիքի երեխային չի թույլատրվում առանձին տալ՝ խմելու նպատակով։ Նաև չի կարելի որևէ ծանոթ մարդուց ձեռք բերել թարմ կթված կաթ ու օգտագործել, սա վտանգավոր է և կարող է փոքրիկի համար դառնալ ինֆեկցիաների աղբյուր։