Դեկտեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ում 40-ամյա Գ.Խ.-ն զույգ աղջիկներ է լույս աշխարհ բերել 20 տարվա երկար սպասումից հետո:
Զինծառայող ամուսինները դիմել էին «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտնաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ Պաշտպանության նախարարության ֆինասական աջակցությամբ:
Բաղձալի հղիության արդյունքում ս․.թ. դեկտեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանի միջամտությամբ կատարվել է կեսարյան հատում, ծնվել են զույգ աղջիկներ՝ 1450 գրամ քաշով և 46սմ հասակով:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանի մեկնաբանությամբ երեխաները ծնվել են բավարար վիճակում:
Կյանքի առաջին ժամերի ընթացքում մեկ երեխայի մոտ սկսել է զարգանալ շնչառական խնդիրներ և ինչպես կլինիկական հետազոտության արդյունքում պարզվել է՝ երեխայի մոտ առկա է եղել փափուկ քիմքի ուռուցքանման գոյացություն, որն էլ հենց ստեղծել է մեխանիկական շնչարգելություն: Նորածինը տեղափոխվել է մասնագիտացված կլինիկա, որտեղ հաստատվել է ախտորոշումը և կատարվել է վիրահատություն՝ հեռացվել է ուռուցքանման գոյացությունը:
Ըստ մասնագիտացված կլինիկայի տեղեկատվության՝ վիրահատությունն ընթացել է հարթ և նորածնի վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը:
Մայրը և մյուս փոքրիկը գտնվում են բավարար վիճակում և պատրաստվում են դուրս գրվել հիվանդանոցից:
Առողջություն ենք մաղթում փոքրիկին, իսկ 20 տարի անց երջանկության բերկրանքը ճաշակած ծնողներին՝ խաղաղ և երջանիկ օրեր: