Արտամարմն յին բեղմնավորումը (IVF) ոչ միայն բժշկական, այլև հուզական և հարաբերական լուրջ ճանապարհ է։
Զույգի համար այն կարող է լինել մեծ հույսի, անհանգստության, լարվածության, և որոշ դեպքերում՝ հիասթափության շրջան։ Ուստի, նախքան գործընթացին դիմելը, կարևոր է, որ զույգը քննարկի մի շարք առանցքային հարցեր՝ հասկանալու համար իրենց նպատակները, սահմանափակումները և փոխադարձ աջակցությունը։
1. Ինչու ենք մենք ընտրում արտամարմնային բեղմնավորում
Ամենասկզբում պետք է հստակեցնել, թե ինչու եք որոշել անցնել արտամարմնային բեղմնավորման ճանապարհով։ Դա բժշկական անհրաժեշտությո՞ւն է, տարիքային խնդիրներո՞ւվ է պայմանավորված, թե՞ այլ պատճառներով։ Հարցեր՝
-
Մենք միմյանց հետ անկեղծ եղե՞լ ենք բոլոր բժշկական արդյունքների մասին։
-
Սա մեր միասնական որոշումն է, թե՞ մեկը փորձում է մյուսին համոզել։
2. Որքա՞ն ենք պատրաստ ծախսել
Արտամարմնային բեղմնավորումը հաճախ թանկարժեք է, և գործընթացը կարող է պահանջել մեկից ավելի փորձեր։ Նյութական սահմանափակումների և հնարավորությունների մասին պետք է բաց խոսել։
-
Որքա՞ն գումար ենք պատրաստ ներդնել այս պրոցեսում։
-
Արդյո՞ք ունենանք նախապես սահմանված բյուջե։
-
Արդյո՞ք ֆինանսական լարվածությունը չի ազդի մեր հարաբերությունների վրա։
3. Ինչպե՞ս ենք պատրաստվում հաղթահարել հուզական լարվածությունը
Արտամարմնային բեղմնավորումը կարող է ներառել սթրես, անհաջողությունների վախ, մեղքի զգացողություն։ Շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը։
-
Արդյո՞ք պատրաստ ենք դիմել մասնագետի՝ հոգեբանի աջակցությանը։
-
Ինչպե՞ս ենք միմյանց աջակցելու հիասթափության պահին։
-
Ինչպե՞ս ենք շփվելու ընտանիքի ու շրջապատի հետ այս հարցում։
4. Քանի՞ փորձ ենք պատրաստ անել
Արտամարմնային բեղմնավորումը միշտ չէ, որ հաջողվում է առաջին փորձից։ Որոշ զույգեր հաջողության են հասնում երկրորդ կամ երրորդ ցիկլից հետո։
-
Որքա՞ն փորձ ենք պատրաստ անցկացնել։
-
Եթե ոչ մի փորձ չհաջողվի, ինչպե՞ս ենք շարունակելու ընտանիքի ստեղծման մեր ուղին։
5. Ի՞նչ ենք մտածում պահուստային սաղմերի և սեռի ընտրության մասին
Բժշկական պրակտիկան այսօր թույլ է տալիս սաղմերի սառեցում, ինչպես նաև՝ սեռի նախնական որոշում։
-
Պատրա՞ստ ենք սաղմերի սառեցմանը։
-
Ո՞վ է որոշելու, թե որ սաղմերը փոխադրեն։
-
Որքա՞ն ենք վստահում բժշկին այս հարցում։
6. Ի՞նչ բժշկի և կլինիկայի ենք ընտրում
Ընտրությունը պետք է լինի գիտակցված՝ հիմնված մասնագիտական փորձի, միջավայրի հարմարության և փոխվստահության վրա։
-
Արդյո՞ք ուսումնասիրել ենք տարբեր կլինիկաներ։
-
Կարո՞ղ ենք բժշկի հետ անկեղծ լինել՝ հարցեր տալ, կասկածներ հայտնել։
-
Որո՞նք են տվյալ կենտրոնի հաջողության տոկոսները։
7. Ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր հարաբերությունների վրա
Այս գործընթացը կարող է մոտեցնել կամ հակառակը՝ լարել զույգին։ Նախապես քննարկելով հնարավոր հետևանքները՝ դուք կարող եք ամրապնդել միմյանց աջակցությունը։
-
Արդյո՞ք բաց ենք միմյանց խնդիրների ու զգացումների համար։
-
Ինչպե՞ս ենք անցկացնում լարված պահերը։
-
Արդյո՞ք սահմաններ ենք դնում ընտանիքի միջամտությունների վրա։
Այսպիսով՝ արտամարմնային բեղմնավորումը միայն բժշկական միջամտություն չէ․ այն հարաբերությունների, հույզերի և հավատարմության փորձություն է։ Բայց ճիշտ պատրաստվածությունը կարող է ճանապարհը դարձնել ավելի գիտակցված, ավելի համերաշխ ու միմյանց ուժեղացնող։