Վարդավառ՝ ջրի, սիրո և բարության տոնը

Այսօր՝ հուլիսի 27-ին նշում ենք Վարդավառը՝ ջրի և սիրո տոնը։ Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառվա ամենասպասված տոներից է։

Այն հեթանոսական արմատներ ունեցող, սակայն քրիստոնեության մեջ վերաիմաստավորված ջրային տոն է, որը երեխաների, երիտասարդների և ընտանիքների կողմից սպասված ու սիրված օրերից մեկն է։

 Վարդավառի պատմությունը

Վարդավառը նախաքրիստոնեկան տոն է: Այն  նվիրված էր ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում է վարդը: Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։

Քրիստոնեության ընդունումից հետո ժողովրդի կողմից շատ սիրված տոնը փոխակերպվեց քրիստոնեականի`Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Տոնի ժողովրդական Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական «var-ջուր և arr- ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։

Իսկ Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

 Ինչպես է նշվում Վարդավառը

Վարդավառի հիմնական ավանդույթները Հայաստանի բոլոր մարզերում նույն կերպով են անցկացվում: Առավոտյան բոլոր եկեղեցիներում անցկացվում է պատարագ, նվիրված Քրիստոսի պայծառակերպությանը, ջրի օծում և մրգերի օրհնություն (խնձորը տոնի խորհրդանիշներից է):  Որոշ մարզերում ընդունված է աղավնիներ բաց թողնել, որը խորհրդանշում է ջրի տոնի մեկ այլ կողմը` համաշխարհային ջրհեղեղի վերջը: 

Տոնի գլխավոր առանձնահատկությունը միմյանց ջուր ցողելն է։ Փողոցներում կարելի է տեսնել ջրով լի դույլեր, ջրցաններ ու ծիծաղող երեխաներ։ Ջուր ցողելը ոչ միայն զվարճալի ավանդույթ է, այլև խորհրդանշում է մաքրում, բարի ցանկություններ ու նորացվածություն։

Տոնը հատկապես լայնորեն նշվում է գյուղերում և քաղաքային բակերում։ Շատ համայնքներ կազմակերպում են տոնական միջոցառումներ՝ երեխաների համար խաղեր, ջրային ակցիաներ, համերգներ ու ցուցադրություններ։

Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում համայնքային կենտրոնները, մանկական մշակութային կառույցները և զբոսայգիները վերածվում են ջրային փառատոնների վայրերի։

Թեև ջրային խաղերն են գրավում ուշադրությունը, Վարդավառը նաև բարության, սիրո և ներողամտության օր է։ 


📌 Այս Վարդավառին մաղթենք մաքրություն, ջերմություն և լուսավորություն բոլորի կյանքում։ Թող ջուրը մաքրության, իսկ սերը՝ խաղաղության աղբյուր դառնան։