Մանկապարտեզներում ջրծաղիկի համաճարա՞կ է

Օրեր առաջ   «Ա1+» -ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի թիվ 9 մանկապարտեզի ծնողներից մեկն ահազանգեց, որ իրենց մանկապարտեզում ջրծաղիկի կարանտին է հայտարարված։

Երբ զանգահարեցինք մանկապարտեզ՝ նկարահանումներ անելու, մեզ չթույլատրեցին նկարահանումներ անցկացնել՝ պատճառաբանելով որ մանկապարտեզում կարանտին է ջրծաղիկի։

Տեղեկությունը հաստատեցին նաև մանկապարտեզի տնօրենն ու բուժքույրը։ Իսկ թե քանի երեխա չի հաճախում մանկապարտեզ և ինչքան ժամանակ, մանկապարտեզի տնօրենը խորհուրդ տվեց պարզել Կենտրոն վարչական շրջանի կրթության վարչությունից և չներկայանալով՝ հեռախոսն անջատեց։

 

Առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ իրենք զրուցել են մանկապարտեզի տնօրենի հետ։ Վերջինս հերքել է կարանտինի մասին լուրերը։

«Մանկապարտեզում ջրծաղիկի վերջին դեպքը եղել է մայիսի 15-ին, այսօր որևէ սահմանափակող միջոցառում մանկապարտեզում չի արվում»,-նշեց Առողջապահությա նախարարության Հիգիենիկ Հակահամաճարակային ծառայության գլխավոր մասնագետ Լիլիթ Պարոնյանը։

Քաղաքապետարանից նունպես խոստացան մեզ ինֆորմացիա տրամադրել, սակայն ամբողջ օրվա ընթացքում որևէ տեղեկություն չհայտնեցին։