Ամեն տարի 358 հազար կին է մահանում հղիության կամ ծննդաբերության ընթացքում

Աշխարհի 58 զարգացող երկրներում ամեն տարի կարելի է խուսափել մինչեւ 3.6 մլն մահերից, եթե մինչեւ 2015 թվականը բարելավվի մանկաբարձական խնամքը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամ»-ի նոր զեկույցում, որը հրապարակվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում մեկնարկած Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի համաժողովում: Այն հաստատում է, որ նշանակալի ճեղքվածք է առկա գործող մանկաբարձների թվի եւ մանկաբարձների այն թվի միջեւ, որն անհրաժեշտ է մարդկային կյանքերը փրկելու համար:

Ամեն տարի 358 հազար կին է մահանում հղիության կամ ծննդաբերության ընթացքում, մոտ

2 մլն նորածին մահանում է կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում, գրանցվում է մեռելածնության 2.6 մլն դեպք:

Ըստ հարցումների' ողջ աշխարհում դեռեւս 350 հազար մանկաբարձի պակաս կա:

Զեկույցը վեր է հանում բանիմաց, ակտիվ մանկաբարձների բանակ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կաշխատի որպես արդյունավետ առողջապահական համակարգի առանցքային մաս: Հարցումների համաձայն' մահերի եւ հաշմանդամության դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում ցածր եկամուտներ ունեցող երկրներում եւ այն պատճառով, որ կանայք' հաճախ աղքատ եւ լուսանցք մղված, հնարավորություն չունեն օգտվելու գործող առողջապահական հաստատությունների կամ որակյալ բուժաշխատողների ծառայություններից:

Բացի մանկաբարձների անբավարար թվից, զեկույցը բացահայտում է նաեւ, որ երկրների ներսում մանկաբարձների բաշխումն ու որակն անհավասարաչափ են, մանկաբարձների համար վերապատրաստման հաստատությունների եւ աշխատատեղերի պակաս կա: