Կինը մոտոցիկլետով երթևեկելիս չի նկատել, թե ինչպես է ծննդաբերել

Թայլանդում ապագա մայրիկը մոտոցիկլետով մեկնել է հիվանդանոց, և այնտեղ չհասած՝ ծննդաբերել է: Երեխան ընկել է ճանապարհին, նրան փրկել են ականատեսները: Կինը, ինչպես նշում է ոստիկանությունը, չի նկատել, թե ինչպես է երեխան ծնվել:

Տեղեկացվում է, որ հղի կինն, ամենայն հավանականությամբ, Բանգկոկ է մեկնել, որտեղ նրան պետք է բժշկական օգնություն ցուցաբերեին: Երեխայի ընկնելու պահը նկատել է մոտոցիկլետի հետևից ընթացող միջքաղաքային ավտոբուսի ուղևորուհին: Նա կանգնեցրել է ավտոբուսը, և երբ ուղևորներն իջել են, բարեբախտաբար երեխային կենդանի են գտել:

Ավտոբուսում պատահաբար բուժքույր է եղել, ով նույն ճանապահով ընթացող սքութերով երեխային հիվանդանոց է հասցրել:

Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է պարզել այս դեպքի մանրամասները: Իրավապահների խոսքերով՝ ապագա մայրն իրեն վատ է զգացել և որոշել է, որ դրանք ծննդաբերական ցավեր են: Նա մոտոցիկլետ է նստել և ուղևորվել է հիվանդանոց: Ճանապարհին երեխան ծնվել և ընկել է, իսկ մայրն ուղղակի չի նկատել դա:

Սակայն այս տարբերակն անհավանական է թվում, այդ պատճառով էլ ոստիկանները պնդում են, որ լրացուցիչ հետաքննություն կանցկացնեն՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:

1in.am