«Էլնորը» հոդորում է սպառողներին պաշտպանել սեփական իրավունքները

«Բիո ֆուդ» ընկերությունը՝ իր «Էլնոր» ապրանքանիշով, մեծ կարևորություն է տալիս սննդամթերքի որակին և դրա անվտանգությանը, այդ պատճառով ընկերության արտադրանքը մշտապես գտնվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների վերահսկողության տակ, այն անցնում է խիստ լաբորատոր փորձաքննություն՝ մինչև շուկա դուրս գալը: Ընկերությունում այժմ ներդրվում է ISO 22000՝ միջազգային ստանդարտը:

Սակայն միայն ընկերությունների ջանքերը բավարար չեն, յուրաքանչյուր սպառող ինքը պետք է լինի տեղյակ իր իրավունքներին և ունենա հիմնարար գիտելիքներ: Սպառողական գրագիտությունը մեր ժամանակի պահանջն է:

Մենք հորդորում ենք բոլոր սպառողներին ուշադիր լինել ձեռք բերվող սննդամթերքի պահպանման ժամկետին, բաղադրությանը, դրա մեջ առկա հավելումների ցանկին: Հատկապես կաթից պատրաստվող արտադրանքների դեպքում պահպանման ժամկետը չպետք է լինի շատ երկար, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս նախընտրել տեղական արտադրանքը, որը զուրկ է ժամկետը երկարացնող հավելանյութերից:

Սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևորում են բոլոր զարգացած երկրներում: Դեռևս 1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես անդրադարձավ քաղաքացու, իբրև սպառողի, իրավունքներին: Արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որով ամրագրվում էին սպառողի չորս հիմնական իրավունքները: Ավելի ուշ սրանց գումարվեց միջազգային հանրության հավանությանն արժանացած ևս չորս իրավունք.

  • անվտանգության իրավունքը,
  • ընտրության իրավունքը,
  • տեղեկատվություն ստանալու իրավունքը,
  • լսված լինելու իրավունքը:
  • վնասների փոխհատուցման իրավունքը,
  • սպառողական կրթության իրավունքը,
  • հիմնական կարիքները բավարարելու իրավունքը,
  • առողջ միջավայրի իրավունքը:

ՀՀ-ում այս դաշտը կարգավորվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Սահմանադրությամբ:

Ըստ ՀՀ Սահմանադրության 31.1 հոդվածի «Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ»:

Յուրաքանչյուր սպառող պարտավոր է ծանոթանալ սեփական իրավունքների պաշտպանությանը միտված այս օրենքներին:

Խստապահանջ սպառողը արտադրության զարգացման շարժիչ ուժն է: