Մեծ Բրիտանիան թույլատրել է 3 ծնողով պտղի բեղմնավորումը

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել 3 ծնողի ԴՆԹ-ի միջոցով պտղի արհեստական բեղմնավորումը թույլատրող վիճահարույց օրինագծին:

Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, օրինագիծն ընդունվել է 280 կողմ և 45 դեմ ձայների հարաբերակցությամբ, ինչի արդյունքում այս տարվա հոկտեմբերին օրենքն արդեն շրջանառության մեջ կդրվի:

 

Երեք ծնողի ԴՆԹ-ի միջոցով բեղմնավորված առաջին երեխաները լույս աշխարհ կգան հաջորդ աշուն: Նյուքասլի համալսարանն արդեն առաջարկում է կանանց 500 ֆունտ ստերլինգի դիմաց դառնալ 2-րդ մայր:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նորարարական մեթոդը հնարավորություն կտա բեղմնավորման ընթացքում օգտագործել 2 ծնողի գեներն ու 3-րդ կողմի` դոնոր մոր գեները: Գիտնականների պնդմամբ՝ սրա արդյունքում կինը կկարողանա առողջ երեխա ծննդաբերել։

Նախագծի ընդդիմախոսները` հոգևորականներն ու մի շարք հասարակական կազմակերպություններ, նախազգուշացրել են, որ «Մեծ Բրիտանիան կանգնում է մի շատ սայթաքուն ուղու վրա»:

Այսպիսով՝ Միացյալ Թագավորությունը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ կծնվեն 3 ծնող ունեցող երեխաներ:

Աղբյուրը` Tert.am